Վերջերս Ախալքալաքում լայն տարածում են գտել այն կայքերը, որոնց միջոցով մարդիկ հեշտությամբ գումար են վաստակում: Ախալքալաքի հողագործների մոտ մտավախություն կա, որ «հեշտ» փող վաստակելու այս տարբերակը կարող է աշնանը աշխատուժի գինը բարձրացնել, որը կանդրադառնա ոչ միայն ֆերմերի եկամտի, այլև կարտոֆիլի գնի վրա:

Tesla Media, Grenminer, Allegro Era, List… Ֆինանսական բուրգերը, որոնք ոմանց համար «հեշտ» փող աշխատելու տարբերակ են, ախալքալաքցիների գլխավոր քննարկման թեման է, այս մասին խոսում են ամենքը և ամենուր։ Իհարկե կան մարդիկ, ովքեր կասկածամտությամբ են մոտենում կամ ընդհանրապես չեն վստահում այդ կայքերին, և ներգրավված չեն դրանցում:

Վերջին շրջանում Ախալքալաքում այնքան շատ է տարածված որոշակի գումար ներդնելով բավականին մեծ գումար վաստակելը, որ երիտասարդները կատակում են. «Եթե այսպես շարունակվի աշնանը դոլար ենք ուտելու»:

Իսկ ֆերմերները մտածում են մեխանիզացիայի մասին՝ գտնելով, որ սա շատ լուրջ կարող է ազդել աշխատուժի գնաճի վրա, որոշներն էլ լուրջ չեն վերաբերվում և մտածում են, որ սա ժամանակավոր բնույթ է կրում։

«Աշխատողները արդեն կողքից որոշակի եկամուտ ունեն, որոշ մարդիկ ընդհանրապես չեն ուզում աշխատել, որոշները՝ ավելի բարձր գներով են աշխատում, սա մեզ համար նոր ալտերնատիվ է՝ ավելի արագացված տեմպերով անցնելու արտադրման մեխանիզացված տարբերակին», – ասում է ֆերմեր Սուրեն Մուրադյանը, ով ընդհանրապես ներգրավված չէ ֆինանսական բուրգերում:

Իսկ այն ֆերմերները, ովքեր որոշ չափով ներգրավված են ֆինանսական բուրգերի մեջ, կարծում են, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և մեծ ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսության վրա։

«Այս ամենը երկար չի կարող շարունակվել, եթե մինչև աշուն շարունակվի աշխատուժի գները կբարձրանա, բայց ըստ իս՝ մեր հասարակությունն ավելի շահագրգռված կլինի աշխատելու, որպեսզի շատ փող ունենա ներդնելու հենց այդ կայքերի մեջ, շատ VIP-եր գնի՝ աշխատածը ավելի ռացիոնալ տարբերակով օգտագործելու փոխարեն», – պարզաբանում է Հայկ Ղազարյանը:

Երիտասարդներն անձնական մոտեցում ունեն այս հարցի շուրջ։ Կա երիտասարդների խումբ, ովքեր գիտակցված են օգտագործում նմանատիպ կայքերը, չեն տրվում ազարտին և փորձում են օգտվել հնարավորությունից։

«Յուրաքանչյուր բիզնեսի մեջ էլ ռիսկ կա, յուրաքանչյուր բիզնես էլ կարող է որոշ ժամանակ լավ աշխատել հետզհետե կորցնելով հաջողությունը, նույնն էլ այստեղ է, ես որոշակի գումար ներդրեցի և 10 օրվա ընթացքում իմ ներդրած գումարը հանել եմ, եթե ես հիմա անեմ չտեսություն ու թողնեմ ամբողջ գումարը կայքի վրա՝ մեծ փողեր ստանալու հույսով, ապա հնարավոր է կորցնեմ ամբողջը: Կայքն ամեն դեպքում պետք է փակվի», – Jnews-ի հետ զրույցում ասում է Մհեր Մելտոնյանը:

Հարցված երիտասարդներն իրենց ներգրավվածությունը ֆինանսական բուրգերում բացատրում են շրջապատից հետ չմնալու փաստով։

«Բոլորն անում են, ես չուզեցի մնալ փոքրամասնության մեջ» նախադասությունը կարող ես լսել գրեթե յուրաքանչյուրից, իսկ այս ամենը կարող է բերել ոչ միայն մարդկանց սնանկացմանը, այլև հոգեբանական լուրջ խնդիրների՝ ազարտ, կախվածություն։ Իսկ այդ մասին JNEWS-ը կներկայացնի հաջորդ նյութերում: