Մարիա Աղասարյանն Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի սան է։ FLEX ծրագրով ԱՄՆ-ի Մերիվիլ քաղաքի դպրոցում մեկ տարի սովորելուց հետո վերադարձել է Ախալքալաք՝ ոգեշնչված նոր ծրագրերով ու նպատակներով։

16 տարեկանում Մարիան մեկնել էր FLEX ծրագրով ԱՄՆ՝ սովորելու ամերիկյան դպրոցում։ Նա վերջերս է վերադարձել Ախալքալաք, սկսել է իր կյանքի որոշ պահերին այլ կերպ նայել, նոր ընտանիքում անկախության մեկ տարին նրան մեծ փորձ է տվել:

Մարիայի հարմարվելու շրջանն արագ է անցել, գրեթե մեկ ամսում նա ընտելացել է նոր կյանքին։

«Ինձ մեծ ջերմությամբ դիմավորեց իմ հյուրընկալ ընտանիքը: Հյուրընկալող մայրս ինձ համար հանդիպում էր կազմակերպել դասընկերներիցս մի քանիսի հետ, և երբ ես դպրոց գնացի, մի քանիսին արդեն ճանաչում էի, և ուսմանս առաջին իսկ օրերից ես ինձ մենակ չէի զգում: Մարդիկ շատ շփվող են, ընկերասեր և շատ ինքնուրույն, ինչպես և ես ենթադրում էի: Իմ հյուրընկալ ընտանիքը շատ լավն է և բարի: Նման մի դեպք եղավ՝ վերադարձիցս երկու ամիս առաջ ես զբաղվում էի վազքով: Ինձ համար շատ դժվար էր, ես շատ էի հոգնում և ցանկացա թողնել այն: Բայց հյուրընկալող մայրս ասաց, որ որքան էլ դժվար լինի, երբեք չպետք է հանձնվել և միշտ պետք է ավարտին հասցնել այն, ինչ արդեն սկսել ես: Դա շատ լավ դաս էր ինձ համար»:

«Դասերը սկսվում են ժամը 7:45-ին և տևում մինչև 4-ը: Դպրոցում առաջին բանը, որ ես նկատեցի, էլեկտրոնային կրթական համակարգն էր: Յուրաքանչյուր աշակերտ ուներ իր անհատական համակարգիչը, իսկ ուսուցիչները՝ smart գրատախտակ: Դպրոցում գործում էր նաև գրասենյակային համակարգ: Ուսուցիչների և աշակերտների ոչ ֆորմալ փոխհարաբերություններն ինձ շատ զարմացրեց: Դպրոցական օրվա ավարտից հետո մեծ ուշադրություն էր դարձվում արտադասարանական պարապմունքներին… սպորտին, տարբեր խմբակներին: Ես զբաղվում էի թիմային վոլեյբոլով և վազքով: Ամեն ինչ լավ էր, և չնայած այնտեղ ուսուցիչները շատ լավն էին, ի տարբերություն նրանց, մեր ուսուցիչները փորձում են գիտելիքները հասցնել մինչ յուրաքանչյուր աշակերտը։

Նրա համար տարօրինակ էր, որ ունենալով մեծ հնարավորություններ՝ ամերիկացի աշակերտները չեն ձգտում ստանալ առավելագույնը և օգտագործել այդ գիտելիքները։

«Ի վերջո, Ամերիկայում աշխատանքով և հաստատակամությամբ իսկապես կարելի է հասնել մեծ բարձրունքների: Դա նկատելի էր պարապմունքների ժամանակ, երբ երեխաները մեծ ջանքեր չէին գործադրում այս կամ այն առարկան ուսումնասիրելու համար: Ինձ շատ դուր եկավ մարդկանց մտածելու թեթևությունը, մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ, նրանց բարյացակամ լինելը, բացությունը, անկախությունը, սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և ապրելուց հաճույք ստանալու ունակությունը:

Flex

Մարիան վերադարձել է Ախալքալաք՝ հասկանալով, թե որքան կարևոր է զարգացնել սեփական «տունը»՝ հայրենիքը։

«Այո, իմ սպասելիքները լիովին արդարացան: Եվս մեկ անգամ ես համոզվեցի, որ անհասանելի ոչինչ չկա: Իմ երազանքն էր տեսնել Ամերիկայի մայրաքաղաքը, և American Councils-ը մրցույթ հայտարարեց Վաշինգտոն մեկնելու համար բոլոր ֆլեքսերների միջև: Իմ գրած շարադրությունն ընտրվեց և ես անմոռանալի շաբաթ անցկացրեցի Վաշինգտոնում: Սեմինարների ժամանակ ես հասկացա, որ երիտասարդ սերունդը կարող է հիմնովին շատ բան փոխել իր երկրում, քաղաքում և գյուղում: Եվ ապագան, որը մենք կստեղծենք, կախված է միայն մեզանից: Ես, իհարկե, կցանկանայի շարունակել իմ հետագա ուսումնառությունն ԱՄՆ-ում, բայց ես մեծ կապվածություն եմ զգում այն վայրերի նկատմամբ, որտեղ ծնվել ու մեծացել եմ, որտեղ ապրում են իմ հարազատները, մտերիմ ընկերներս ու ծանոթներս։

ԱՄՆ-ում մեկ տարի անց նա հասկացավ, թե կոնկրետ ինչ է պետք փոխել հայրենիքում:

«Ինձ թվում է, որ մեծ և կարևոր խնդիրներից մեկը գենդերային անհավասարությունն է Վրաստանում և ոչ միայն: Թեև, կարծում եմ, Վրաստանն այս ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել, կան որոշակի կետեր, որոնց վրա պետք է աշխատել մեր երկրի բարգավաճման և զարգացման համար: Կարծում եմ, գենդերային անհավասարությունը շատ շոշափելի է բազում ընտանիքներում, որտեղ աղջիկներն ու կանայք իրավունք չունեն կարծիք հայտնելու, կրթություն ստանալու, վաղ ամուսնանում են, երբեմն՝ առանց սիրո։

Եվ վերջում, Մարիան նոր ֆլեքսերներին խորհուրդ տվեց բաց լինել նորարարությունների համար:

«Իմ խորհուրդն է մեր երեխաներին՝ փորձել ստանալ բազում նոր գիտելիքներ, տպավորություններ, ակտիվորեն մասնակցել արտադասարանային աշխատանքներին, փորձել շատ շփվել ընտանիքի և ընկերների հետ, հնարավորինս շատ տեղեկանալ ամերիկյան ավանդույթների և մշակույթի մասին: Միշտ հիշել նպատակը, ինչի համար նրանք գնացել են Ամերիկա և երբեք չհանձնվել, նույնիսկ երբ ամեն ինչ դժվար է թվում»:

Մարիային առջևում դեռ սպասվում է դպրոցական ևս մեկ տարի, նա փոխադրվել է 12-րդ դասարան, որն անցկացնելու է Ախալքալաքում։ Նրա խոսքով՝ այս ժամանակը բավական է կողմնորոշելու, թե ինչ է իրեն պետք ապագայում։