Ինչպես JNEWS-ը պարզեց Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից, կապ չունի օտարերկրյա քաղաքացին այլ երկրում ստանում է կենսաթոշակ, թե՝ ոչ, Վրաստանում նույնպես կարող է կենսաթոշակ ստանալ, եթե նա ունի մշտական կացության իրավունք և վերջին 10 տարում օրինավոր ապրել է Վրաստանում: Հունիսի 1-ից Վրաստանն այլևս օտարերկրյա քաղաքացիներից տեղեկանք չի պահանջի այն մասին, որ այլ երկրում թոշակ չի ստանում:

Վերջին օրերին JNEWS-ը հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, արդյո՞ք կարող են կենսաթոշակ ստանալ այն քաղաքացիները, ովքեր այլ երկրում ևս թոշակ են ստանում:

«Կապ չունի քաղաքացին այլ երկրում կենսաթոշակ ստանում է՝ թե ոչ, եթե նա ունի Վրաստանում մշտական կացության իրավունք և վերջին 10 տարում օրինավոր ապրել է Վրատանում, ապա կստանա կենսաթոշակ։ Նա սոցիալական ծառայության գործակալություն պետք է ներկայացնի տեղեկատվական քարտ, որտեղ հաստատված կլինի տվյալ անձի Վրաստանի տարածքում վերջին 10 տարում օրինավոր ապրելու մասին տեղեկություն։ Այդ քարտը հնարավոր է ստանալ արդարադատության տնից և պետք է ներկայացնել շրջանի սոցիալական ծառայության գործակալություն, և միայն այդ դեպքում կնշանակվի պետական կենսաթոշակ»,- պարզաբանեցին Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից:

Օտարերկրյա քաղաքացու մշտական կացության մասին տեղեկատվական քարտը տալիս է Վրաստանում արդարադատության նախարարության պետական վերահսկողության ներքո գործող, հանրային գործակալության իրավաբանական անձանց պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:

Նշենք, որ Վրաստանում մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կազմում է 260 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանցը՝ 300 լարի: Իսկ բարձրալեռ բնակավայրերում մինչև 70 տարեկանների կենսաթոշակը կազմում է 312 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանցը՝ 360 լարի:

Ընդգծենք նաև, որ Ջավախքում շատերն օտարերկրյա քաղաքացիություն ունեն, բայց ծնվել և ապրում են Վրաստանում:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Վրաստանում կենսաթոշակ կարող է ստանալ օտարերկրյա այն քաղաքացին, ով մշտական կացության իրավունք ունի