Քաղաքում շրջող քաղցած, անօթևան շների ոհմակները սարսափ են առաջացնում ոչ միայն ախալքալաքցիների մոտ, ովքեր բազմիցս են բողոքել այս առումով, այլ նաև վտանգ են ներկայացնում իրենցից ավելի թույլ շների համար: Իրենց «ցեղակիցների» ատամներից վնասվածքներ ստացած բազմաթիվ շներ շրջում են քաղաքում, որոնց մասին ոչ ոք հոգ չի տանում:
Աղմաշենեբելի 18 հասցեում գտնվող բազմահարկ շենքի բակում մի ծեր թափառական շուն է բնակվում։ Վերջերս բնակիչները նկատել են, որ այս շունը քայլում է կծված, կույր վիճակում, քանի որ «գզվռտոցների» արդյունքում մի աչքն է մնացել, նա լիզում է իր վերքերը։ Շենքի բնակիչները խղճում են շանը, բայց բացի շանը կերակրելուց ոչինչ չեն կարող անել։
Նման վիճակ է բազմահարկ շենքերի նկուղներում ևս, որոնք տեղացիներն անվանում են «գործարանային»։ Աղմաշենեբելի 35 տան նկուղում մի քանի օր է վնասված ողնաշարով շուն է նվնվում, որը չի կարողանում տեղաշարժվել։ Բնակիչները չեն կարողանում օգտվել նկուղներից, և չեն էլ ուզում շանը վռնդել, նրանց խիղճը տանջում է։ Ասում են՝ գրեթե բոլոր նկուղներում կան շան ձագեր, որոնք ծնվել են շներին բռնելու ու ստերիլիզնելու գործընթացի ուշացման պատճառով։
Ստերիլիզացումը, թեև մարդասիրական մեթոդ չէ, այնուամենայնիվ համարվում է միակը Վրաստանում՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը և ֆինանսական հնարավորությունները։
Նշենք, որ բնակիչները դիմել են քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես կարելի է օգնել այս շանը։ Քաղաքապետարանից իրենց պատասխանել են, որ մինչեւ մրցույթը չհայտարարվի և շներին բռնելու գործընթացը չսկսվի, ոչնչով հնարավոր չէ օգնել։
«Ցավոք, ոչինչ չենք կարող անել։ Գյուղերից զանգեր ենք ստանում՝ Չունչխայից, Հոկամից, Գոգաշենից և այլ, բայց նման դեպքերով զբաղվող կազմակերպություն կամ հիմնարկ չունենք։ Դե իսկ բռնելու տենդերը կհայտարարենք մի քանի օրից։ Առանց տենդերի շներին ոչ ոք չի տանի»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի Բնապահպանական ծառայության վարչության պետ Ռամազ Խուցիշվիլին։
Ամբողջ քաղաքում այս վիճակն է տիրում, եթե առավոտ շուտ արթնանաս, կարող ես «շների գզվռտոցին» ականատես լինել։ 15 շներ հարձակվել են վզկապով ընտանի շան վրա, նա հեծկլտալով փախել է։ Ընտանի շներին զբոսանքի դուրս բերելը միշտ ուղեկցվում է հարձակումներով։ Հետո նաև 15 թափառող շներ հարձակվել էին ևս 20 անօթևանների վրա, քանի որ վերջիններս «համարձակվել» էին խախտել իրենց կողմից նշմարված տարածքը։ Անցորդների համար սա սարսափելի վախ է։
JNEWS-ը բազմիցս է բարձրացրել թափառող շների թեման, այս հարցը երկար տարիներ է լուծում չի ստանում։ Նշենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը տարեսկզբից բյուջեից 26 000 լարի է հատկացրել թափառող շներին բռնելու և ստերիլիզացնելու համար, սակայն մինչ օրս բռնելու և ստերիլիզացման համար տենդերը չի հայտարարվել։