Միջոցառումների համար հավաքովի բեմը ձեռք է բերվել, Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից, Եվրամիության և Տեղական զարգացման խմբի (LAG) ծրագրով 2020 թվականին, սակայն այս ընթացքում այն երբեք չի օգտագործվել, չնայած այն հանգամանքին, որ վերջերս քաղաքում մի քանի միջոցառումներ են անցկացվել։

Այս տարի զանգվածային միջոցառումների անցկացման նկատմամբ սահմանափակումներ չկան, և Ախալքալաքում մեկը մյուսի հետևից մի քանի միջոցառումներ են անցկացվել։ Մեկ ամսվա ընթացքում պարերով, երգերով և բեմադրություններով անցկացվել է 5 տոն՝ Պարի միջազգային օրը, Ընտանիքի օրը, Ազգային տարազի օրը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Վրաստանի անկախության օրը, սակայն բեմն երբեք չի օգտագործվել։

Մունիցիպալիտետը միշտ ցանկանում էր գնել բեմ, բայց քանի որ այն թանկ էր, չէր կարողանում ձեռք բերել։ Դե իսկ 2019 թվականին, երբ LAG-ը ֆինանսավորում էր ծրագրեր, մունիցիպալիտետը հաղթեց մրցույթում և ձեռք բերեց այդքան սպասված բեմահարթակը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի խոսքով, հավաքովի բեմն օգտագործվել է միայն մեկ անգամ՝ Վրաց թեմին կից թանգարանի նոր ցուցասրահում՝ համերգի ժամանակ։

«Մայիսի 26-ն մենք արդեն ուզում էին օգտագործել, բայց կազմակերպիչներն իրենք բերեցին բեմը Թբիլիսիից։ Մյուս միջոցառումները, որոնք եղել են, մոնումենտալ չեն եղել, վերջերս 4 միջոցառում է եղել։ Մոնումենտալ տոներ են Ջիվանու օրը և Ախալքալաքի օրը։ Ախալքալաքի օրն անպայման կտեղադրենք բեմը: Բացի այդ, տրանսպորտավորումը և հավաքումը կապված են ծախսերի հետ, որոշեցինք այն կազմակերպել Ընտանիքի օրվա առթիվ, սակայն Մշակույթի տնից զբոսայգի տեղափոխելու համար առասպելական գումար պահանջեցին, և մենք մերժեցինք, դե հետո էլ հարկավոր է հավաքել կոնստրուկցիան»,- ասաց Վալերի Ստելմաշովը։

Բեմի մասերը գտնվում են Մշակույթի տան ճեմասրահում։

Ալյումինե-մետաղական կոնստրուկցիայից բեմն ունի 80 քառ/մ մակերես և բաղկացած է 40 մասից՝ յուրաքանչյուրը 2 քառ/մ։ Բեմի բարձրությունը կարելի է կարգավորել 1,5-ից 1,10 մ։ Հավաքածուն ներառում է նաև երկու շարժական սանդուղք։ Բեմը հավաքովի է, բայց առանց հովանոցի։ Բեմը կարելի է հավաքել ինչպես քառակուսի, այնպես էլ կլոր տեսքով։ ԵՄ նախագծի արժեքը 133672 լարի էր, որից 62281 լարին Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) դրամաշնորհն էր, մնացածը մունիցիպալիտետը ներդրել է ինքնաֆինանսավորման տեսքով։ Այս գումարով, բացի բեմից, մունիցիպալիտետը գնել է նաև երաժշտական ​​գործիքներ։