Այսօր «Բորժոմի»-ի աշխատակիցները փակել են հանքային ջրի շշալցման երկու գործարանների դարպասները:
Նրանց հիմնական պահանջը կրճատված շուրջ 50 աշխատակիցների երկու ամսվա աշխատավարձերի վճարումն ու դրանց վերականգնումն է։ Նրանք նաև խնդրում են նոր աշխատանքային պայմանագրեր կնքել՝ անժամկետ, ինչպես նաև աշխատավարձերի 25 տոկոս բարձրացում։
«IDS Borjomi Georgia»-ի որոշումը ծառայեց որպես արհեստական էսկալացիա, և մենք կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում ենք և՛ ընկերության, և՛ Վրաստանի կառավարության վրա, քանի որ իշխանությունները ոչինչ չեն արել իրավիճակը լիցքաթափելու համար»,- մեջբերում է Առաջին ալիքը գործադուլի մասնակիցների հայտարարությունից:
Տեղում մոբիլիզացված են մեծ թվով ոստիկաններ։ Որոշ ժամանակ առաջ ՆԳՆ աշխատակիցները պահանջել են ապաշրջափակել Բորժոմիի թիվ 1 և թիվ 2 գործարանների մուտքերը, հայտնում է «Հարավային դարպաս» գործակալությունը։ Ցուցարարներին դա անելու համար «ողջամիտ ժամանակ» է տրվել։ Պիկետավորները չեն պատրաստվում ցրվել:
«Բորժոմի» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել մայիսի 31-ին, երբ ընկերությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսական դժվարությունների և պատժամիջոցների պատճառով։ Մայիսի 19-ին IDS Borjomi International-ը հայտարարեց, որ պատրաստ է Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցել IDS Borjomi Georgia-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որին պատկանում են Borjomi գործարանները: Բաժնետոմսերի փոխանցման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։