Վրաստանում վերջին տարիներին ՏՏ (IT) ծառայությունների պահանջարկն աճում է։ Ըստ այս ոլորտի մասնագետների՝ փոխվում է աշխատաշուկան, զարգանում են բարձր հավելյալ արժեք ունեցող տնտեսական ոլորտները, և, համապատասխանաբար, դրանցում ներգրավված են տարբեր տեխնիկական մասնագիտությունների տեր հանդիսացող մեծ թվով մասնագետներ։
Տնտեսագետ Բեսո Նամչավաձեի կարծիքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները, որ մոտ ապագայում երկրի բարձր տեխնոլոգիաներից արտահանողական եկամուտները գերազանցեն, օրինակ, գինեգործությունից ստացված եկամուտերը։
«Վերջին 6 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիական ծառայությունների արտահանումից եկամուտն աճել է 28 անգամ, և միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում Վրաստանը ՏՏ ոլորտից ավելի շատ արտահանման եկամուտ ստանա, քան գինու վաճառքից։ Այս տարի, մոտավորապես, այդ ցուցանիշը կհասնի 200 մլն դոլարի, և դա ավելին է, քան գինեգործության եկամուտը։ Բացի այդ, գինեգործությունը դոտացիոն է՝ վերջին տարիներին խաղողագործությունը ստացել է 100 մլն լարիի սուբսիդավորում, իսկ բարձր տեխնոլոգիաների վրա երկիրն ընդհանրապես ոչինչ չի ծախսում, ոչ մի ցենտ», – իր սոցցանցի էջում գրում է տնտեսագետը։
Նրա խոսքով, մոտ ապագայում հենց այս ոլորտի մասնագիտությունները կարող են գերիշխող դառնալ շուկայում։
«Ձեր երեխաներին մի սովորեցրեք, որ նրանք պետք է դառնան իրավաբան, տնտեսագետ, լրագրող, օտար լեզուների մասնագետ՝ վաղ թե ուշ նրանց բոլորին փոխարինելու է արհեստական ինտելեկտը, բացի բժիշկներից։ Եվ այս ամենն անելու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները»,- հայտարարում է նա։
«Նոր տնտեսական դպրոց»-ի ղեկավար Պաատա Շեշելիձեի խոսքով, այսօր Վրաստանում երիտասարդության զգալի մասը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով, ինչն արտահայտվում է պահանջարկի և այս ոլորտի եկամուտների աճով։
«Երիտասարդները լավ են տիրապետում թվային ծրագրերին և աշխատում են միջազգային պատվերների վրա, և սա շատ խոստումնալից ոլորտ է։ Իսկ ՏՏ ոլորտում ամենագրավիչն այն է, որ նման աշխատանք կարելի է կատարել ցանկացած վայրից, որտեղ համացանց կա։ Այժմ Վրաստանում կան բազմաթիվ դասընթացներ երիտասարդ մասնագետների վերապատրաստման համար, սակայն կադրերի հստակ պակասը նկատվում է, բայց այս մասնագիտությունները նվազագույն ծախսերով ուսումնասիրելու հնարավորությունը մեծ է։ Այժմ Վրաստանում այս ուղղությունը նոր է սկսում ոտքի կանգնել»,- ասում է Պաատա Շեշելիձեն։
Նրա խոսքով, բարձր տեխնոլոգիաների արտահանումը մեծ ապագա ունի, սակայն այս ոլորտը աջակցության կարիք ունի, իսկ հաճախ՝ տարրական, օրինակ՝ մատչելի և կայուն էլեկտրաէներգիա, որը ոչ բոլորին է հասանելի։
«Թվային տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, բայց այն մարդկանց թիվը, ովքեր իսկապես զբաղվում են այս գործով, դեռևս քիչ է։ Բացի այդ, երբ խոսքը վերաբերում է բարձր տեխնոլոգիական ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտների աճին, պետք է պարզել՝ արդյո՞ք դա վերաբերում է կրիպտոարժույթների մայնինգին, որն ինքնին ոչինչ չի բերում երկրին, այդ թվում՝ չի մեծացնում կադրերի պահանջարկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բացի այդ, այս դեպքում ավտոմատ կերպով առաջանում է էներգետիկայի հետ կապված խնդիրը»,- հայտարարում է տնտեսագետը։
Ըստ Վրացստատի՝ վերջին 6 տարում Վրաստանի եկամուտը բարձր տեխնոլոգիաների արտահանումից աճել է 28 անգամ, մասնավորապես՝ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 5 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2020 թվականին այն արդեն 74 միլիոն էր, իսկ 2021 թվականին՝ 153 միլիոն ԱՄՆ դոլար էր։