Աղմաշենեբելիի փողոցի՝ Թիվ 4 դպրոցի դիմացի բազմահարկ շենքի բնակիչները կարծում են, որ քաղաքը պետք է գեղեցիկ արտաքին տեսք ունենա, նրանք պատրաստ են օգնել դրանում իրենց տարածքում։

Վաղ առավոտից բնակիչները հավաքվել էին իրենց շենքի բակում, որտեղ ծաղկում է այս կողմերում հազվադեպ հանդիպող վայրի շագանակը։ Բնակիչների խոսքով՝ այս ծառը գրեթե 30 տարեկան է։ Հենց հիմա է սկսվել այս ծառի ծաղկման շրջանը։ Սպիտակ և վարդագույն բողբոջները բարձրանում են վեր՝ ձգվելով դեպի արևը: Բնակիչները մեծ խնամքով են վերաբերվում շագանակենուն՝ իմանալով դրա ծաղիկների բուժիչ հատկությունների մասին, շատերը դրանք հավաքում են ծաղկման շրջանում։

«Այս ծառի ծաղիկներից դեղ են պատրաստում: Դուք ավելի լավ է այնտեղ նայեք»,- ասում են բակում հավաքված բարձրահարկ շենքի բնակիչները՝ ցույց տալով տան ճակատային մասն ու ասում՝ հաճախակի երկրաշարժերի պատճառով շենքը դառնում է վթարային։

polisad

sadik

Միակ բանը, որ գոհացնում է բնակիչներին, կանաչապատումն է, որն իրենք են անում։ Նրանք հպարտությամբ պատմում են, որ աչքի լույսի պես են պահում Ախալքալաքի համար այս եզակի ծառը, քանի որ այն օգտագործվում է բժշկության մեջ։

Շագանակն (մաշկամիրգ) օգտագործվում է ինչպես կոսմետիկայում՝ դեմքի մաշկի և մարմնի խնամքի համար, այնպես էլ ցելյուլիտի դեմ ու դիմակների և շամպունների մեջ։ Դեղորայքը, որի հիմքում վայրի շագանակն է, օգնում է թրոմբոֆլեբիտի, ջղարմատների բորբոքման, պրոստատիտի, թութքի, նեվրալգիայի, լեյկեմիայի, բրոնխիտի, ճառագայթային հիվանդության, տուբերկուլյոզի և շատ այլ հիվանդությունների բուժմանը։ Գինեկոլոգիայում հաճախ օգտագործվում են նաև միջոցներ, այդ թվում՝ ավանդական բժշկության միջոցներ, որոնք պարունակում են վայրի շագանակ։

Այս տունը բացառիկ է ոչ միայն բակում աճող վայրի շագանակի, այլ նաև այն պատճառով, որ այստեղ բնակիչների շնորհիվ աճում են նաև կուսախաղող ու ուռենի։ Այս շենքի բնակիչները ոչ միայն խնամում են ծառերը, այլ նաև սեփական ջանքերով կանաչապատում են ընդհանուր բակը, և հետևում, որ մյուս կողմում՝ փողոցի կողմից, բակը խնամված լինի, որտեղ նրանք խնամքով աճեցնում են եզակի ծաղիկներ և ծառեր:

Այս բազմահարկ շենքի սարսափելի վիճակում գտնվող, խարխլված ճակատը մասամբ ծածկված է խնամքով տնկված ծաղիկներով, ծառերով ու թփերով։ Բնակիչները փորձում են այս կերպ զարդարել իրենց բակը։ Հատկապես այս գործում հաջողություն է գրանցել շենքի բնակչուհի Անուշ Մկրտչյանը, նրա փոքր հողատարածքի վրա աճում են Ախալքալաքի բնությանը ոչ բնորոշ ծաղիկներ ու ծառեր, ինչպիսիք են՝ գարնանածաղիկը (թավրնջակ, խարամազան), եռագույն մանուշակ (անյուտայի աչիկներ), նա հատկապես հպարտանում է իր մամրիչներով, գալարուն վարդերով և կուսախաղողով: Անուշն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր այգու դեկորին, սափորների և կավե ամանների մեջ աճեցնում է քարե վարդ, մի փոքր այն կողմում՝ արմավաշուշան, որը արևադարձային երկրներին բնորոշ ծառ է։ Յուրաքանչյուրն իր ծաղկման շրջանն ունի: Ծաղկում են պիոններ (քաջվարդ), գաճաճ մեխակներ, որոնք իրենց անուշ բուրմունքն են տարածում, իսկ գիշերվա ընթացքում ծաղկում է գիշերային մանուշակը։ Մյուս բնակիչները, ինչպես և Անուշը, անհանգստացած են իրենց փոքրիկ այգիներով, քանի որ այս տարածքը ճամփեզրին է և ցանկապատված չէ։

kuvshin

«Եթե այստեղ, ինչպես Ասպինձայում, գեղեցիկ ցանկապատ հորինեին և տեղադրեին, մենք էլ ավելի կզարգացնեինք այգիները: Ես տնկում եմ այն ծաղիկները, որոնք հանդիպում են ինձ կամ որոնք գտնում եմ, սա իմ հոգու հանգստացումն է, իմ հոբբին»,- ասում է նա։

Նրա այգու կողքին նույնպիսի այգի է, որի տարածքում ծաղկել է յասաման, որն իր համեղ հոտն է տարածել։ Բնակիչները ինքնուրույն ջուր են անցկացրել և ջրում են բակի ծաղիկներն ու ծառերը։ Չոր ու փոշոտ քաղաքում սա գույնի ու օդի անկյուն է։

Բայց շենքի մոտ գտնվող այս տարածքները բնակիչներին չեն պատկանում, ուստի նրանք չգիտեն՝ ինչ անել, արժե՞ արդյոք այդտեղ ներդրումներ կատարել։

«Այստեղ վագոն կա, բոլոր զբոսաշրջիկների համար է հետաքրքիր, եթե իմանայինք, թե հետո ինչ կլինի, ուղղակի հետաքրքիր ձևով կզարդարեինք այս վագոնը, կարծում եմ հետաքրքիր կլիներ»,- ասում է հարեւան Անուշը։

cvetok

Քաղաքի կանաչապատումը հաճախ եզրափակվում է մի քանի կենսածառերի տնկմամբ, քաղաքում ծաղիկներ չես գտնի ոչ մի տեղ՝ նույնիսկ այգիներում, դրանք գողանում են, բայց տեղական իշխանությունները առաջին գողությունից հետո կամ թառամելու դեպքում այլ ծաղիկներ կամ ծառեր այլևս չեն տնկում։ Իսկ քաղաքի արտաքին տեսքի առումով հստակ մոտեցում կամ լուծում չկա։