Ջավախքը սեյսմիկ ակտիվ գոտի է, սակայն վերջին երկու տարում ցնցումները հաճախակիացել են, իսկ էպիկենտրոնը, շատ դեպքերում, արձանագրվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտակայքում, որտեղ նաև նկատվում է օձերի թվի աճ։ Jnews-ը փորձեց ճշտել, արդյոք կապ կա այս երկու գործընթացների միջև, նաև պարզեց, որ ավելի հաճախակի ցնցումները միայն շրջանի օգտին են։

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի աշխատակից Ինգա Խելաշվիլին ասում է, որ ցնցումների հաճախականության աճը շրջանի համար ավելի շատ դրական ազդեցություն ունի, քան բացասական։

«Նախկինում էլ էին երկրաշարժեր գրանցվում, բայց այսքան շատ չեն եղել: Երևի շատ էներգիա է կուտակվել, ու պետք էր որ դա դուրս գար: 1992-ին ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ, հետո մի քանի տարի ոչինչ չեղավ: Երբ էներգիան կուտակվում է, ապա այն պետք է դուրս գա ամեն 10-20 տարին մեկ: Լավ է, որ դա դուրս է գալիս աստիճանաբար, ոչ թե միանգամից: Երբեմն ուժեղ ցնցումներից հետո լինում են օրեր, երբ ընդհանրապես հանգիստ է»,- ասում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի աշխատակից Ինգա Խելաշվիլին:

Նա դեռ չի կարող հաստատել, թե արդյոք կապ կա Սամեբայում ցնցումների աճի և օձերի պոպուլյացիայի ավելացման միջև, սակայն այս հարցը ուսումնասիրման փուլում է։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի մեկ այլ աշխատակից Մանանա Դմանիշվիլին էլ ասում է, որ Ջավախքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում:

«Այն, ինչ կատարվում է Ջավախքում, ուսումնասիրվում է, թեև գործընթացներն ինտենսիվացել են, բայց դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Երբեմն գործընթացները լարված են լինում, երբեմն՝ հանգչում։ Անցյալ տարվա ամառվանից ակտիվ գործընթացներ են սկսվել։ Այս իրավիճակն է տիրում և Ռաճայում, և Ջավախքում։ Գործընթացներն ուսումնասիրվում են»,- ասում է Մանանա Դմանիշվիլին։

Սամեբայում օձերի թվաքանակի ավելացման վերաբերյալ նա ասաց հետևյալը.

«Ես կոնկրետ չեմ կարող ասել, որ գործընթացները փոխկապակցված են, գիտականորեն դա ճիշտ չի լինի, քանի դեռ ամեն ինչ չի ուսումնասիրվել», – ասաց Մանանա Դմանիշվիլին։

Այս տարվա ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 13-ին՝ 6,1 բալ ուժգնությամբ, իսկ մայիսի 1-ին եղել է 5,3 բալ։ Մնացածները մոտավորապես 3 կամ մի փոքր ավելի բալ ուժգնությամբ են եղել:

2022 թվականի ապրիլից մինչ օրս Ջավախքում գրանցվել է մինչև 3 բալ ուժգնությամբ 1000 երկրաշարժ, իսկ 3 բալից բարձր՝ 15 ստորգետնյա ցնցում։

Ախալքալաքում 8 բալ ուժգնությամբ վերջին ուժգին երկրաշարժը գրանցվել է 1986 թվականին։

Նշենք, որ Ախալքալաքում գործում է սեյսմիկ կենտրոն, որը զբաղվում է երկրակեղևի երկրաֆիզիկական հետազոտություններով և դրա վիճակի մասին տվյալներն ակնթարթորեն փոխանցում է Թբիլիսի, որտեղ տեղեկատվությունը մշակվում է։