Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղի բնակիչ Սուրիկ Կարապետյանը կրկնապատկել է կովերի կաթնատվությունը, սակայն զարգացող ֆերմայի համար արոտավայրերը չեն հերիքում։
2019 թվականին նա իր կոոպերատիվով մասնակցել է, ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում Տեղական զարգացման խմբի (LAG), մրցույթին և շահել դրամաշնորհ: Դրամաշնորհի չափը կազմել է 130 000 լարի։ Այդ միջոցներով նա գնել է 33 Հոլշտեյն և Ֆլեքֆի կովերի ցեղատեսակներ: Արդյունքում ֆերմայում կրկնապատկվել է կաթի արտադրողականությունը և, հետևաբար, եկամուտը։
Նոր ցեղատեսակները բերել ենք էստոնիայից։ Այնտեղ այս ցեղատեսակները օրական տալիս են 50-60 լիտր կաթ, Ջավախքում հազիվ հասան 35-40 լիտրի։ Առաջին տարին, Սուրիկ Կարապետյանի խոսքերով, դժվար էր, մինչև կովերը հարմարվեցին Ջավախքի կլիմայական պայմաններին։
«Առաջին տարին շատ դժվար էր, բայց արդյունքը շատ լավ է: Ընդհանրապես, երբ սկսում ես ինչ-որ բան, սկզբում ամեն ինչ էլ դժվար է: Անցյալ տարի 25 լիտր կաթ էին տալիս, այս տարի 35-40 լիտր: Արդեն ընտելացել են մեր խոտին, կլիմայական պայմաններին, ջրին: Եթե հնարավորություն ունենայինք, ապա օրը երեք անգամ կկթեինք։ Արդեն սովորել ենք լավ կեր պատրաստել, գարին ու ցորենը, եգիպտացորենը մանրացնում ենք, ավելացնում կերի մեջ։ Սկզբում գնում էինք Թբիլիսիից, բայց արդեն սովորել ենք ինքներս պատրաստել այն»,- ասում է Սուրիկ Կարապետյանը։
Սկզբում կովերը ոտքերի հետ կապված խնդիր ունեին, նրանք կաղում էին: Սակայն Սուրիկը և իր կոոպերատիվի անդամները կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները, գոհ են արդյունքներից և չեն ափսոսում, որ մասնակցել են ծրագրին։
Նրանք գնել էին 32 կով և 1 ցուլ, սկզբում 1 կովը սատկել էր, բայց երեք տարվա ընթացքում նրանք բազմացել են։
Կաթի մեկ լիտրը վաճառվում է 1,5 լարիով։ Գնորդները հարևան գյուղի և Ախալքալաքի պանիր արտադրողներն են։
Սուրիկ Կարապետյանը մեծ ֆերմա ունի, բացի այս էստոնական կովերից, նա պահում է ևս 100 կովկասյան կովերի ցեղատեսակ և 2000 ոչխար։
«30 կովն այնքան կաթ է տալիս, որքան 100 կովը: Մեր կովերն օրական ընդամենը 10-12 լիտր կաթ են տալիս»:
Կովերին կթում են կթիչ մեքենայով (ագրեգատ) օրը երկու անգամ։ Ֆերմայում աշխատում է 15 աշխատող։
Նրա խոսքով, նոր ցեղատեսակների պահանջարկ կա, քանի որ նրանք ավելի կաթնատու են, քան արդեն իսկ եղածները։
«Մենք հասել ենք մեր նպատակին, ձեռք ենք բերել կաթի ավելի բարձր արտադրողականությամբ կովեր: Մարդիկ, տեսնելով արդյունքը, իրենք էլ են ուզում փոխել իրենց կովերի ցեղատեսակները: Մեր գյուղից ու մյուս գյուղերից գալիս են ցուլեր են խնդրում: Մեր ցուլերին Ղադոյից և Լոմատուրցխայից արդեն տարել են բեղմնավորման և ցեղափոխության համար»,- ասում է Սուրիկ Կարապետյանը։
Նրա խոսքով, իրենք միայն մեկ խնդիր ունեն, դա արոտավայրերն են: Նա մեծ ֆերմա ունի, 1000 հա արոտավայր է պետք, բայց ունի ընդամենը 500 հա։
Սուրիկ Կարապետյանը դիմել է քաղաքապետարան, իրեն նոր արոտավայրեր տրամադրելու համար, բայց նրան մերժել են՝ պատճառաբանելով, որ մունիցիպալիտետն ազատ արոտավայրեր չունի։ Սակայն նա մտադիր է կրկին դիմել քաղաքապետարան։
Հունիսի 15-ից բոլոր անասունները դուրս կբերվեն արոտավայրեր: