Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

Դա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

«Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:

Առաջիկայում՝ ավելի կոնկրետ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, ՀՀ կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ:

Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS VI գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։ Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով։