Հասարակություն 24 Մայիսի, 2022 • Դարբինյան փողոց. «Փոսերից մինչև քար ու փոշի»

Դարբինյան փողոցի բնակիչները դժգոհում են, որ այս փողոցում կա՛մ ահռելի, անանցանելի փոսեր են, կա՛մ մեծ քարեր ու փոշի, այն բանից հետո, երբ փորձել էին դրանք փոսալցնել։

Մայիսի 14-ին Դարբինյան փողոցում տրակտորը փոսալցում է կատարել, որոնց առաջացումը մշտական բնույթ է կրում։ Սակայն տրակտորը լցոնել է ոչ թե կոնկրետ փոսերը, այլ ամբողջ փողոցը և այն էլ մեծ խճաքարերով է դա արել։ Անցնող յուրաքանչյուր մեքենա իր հետևից փոշի է բարձրացնում, ինչը մեծապես զայրացնում է այս փողոցի բնակիչներին: Իսկ սալաքարերը, որոնք մնացել են փոսալցումից հետո, զայրացնում է վարորդներին, քանի որ նրանք վախենում են մեքենաները վնասելուց։

«Սա Ախալի քալաքին չէ (խմբ. «նոր քաղաք», Ախալքալաքի տեղանունը վրացերենից թարգմանաբար), սա Ախալի սոփելին է (խմբ.՝ նոր գյուղ): Նույնիսկ գյուղական ճանապարհներն այսպես չեն հարթեցվում»,- ասում է Դարբինյանի բնակիչը, ով անընդհատ փողոցում ջուր է ցանում։

Ինչպես պարզաբանում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոսերը լցնելու խնդրանքը եղել է Դարբինյանի բնակիչներից և վարորդներից, ովքեր բողոքում էին անանցանելիությունից։ Թեև, ըստ նրա, այս պահին միայն այս կերպ կարող են լուծել տվյալ խնդիրը, քանի որ այս ճանապարհը գտնվում է Ճանապարհային վարչության հաշվեկշռում և ասֆալտապատվելու է մինչև տարեվերջ:

«Մենք չենք կարող հավելյալ ծախսեր անել, և չենք կարող ստիպել, որ մասամբ վերականգնեն: Այս ճանապարհը պետք է ասֆալտապատել: Սա ընդամենը ժամանակավոր լուծում է: Քանի որ փոսերը խորացել են, այս տարածքի բնակիչները խնդրել են լցնել դրանք։ Մենք խնդրել ենք անմիջապես շինարարներին, ովքեր ներկայումս աշխատում են այս հատվածում: Խնդրանքին համապատասխան այս ճանապարհը փոսալցրել են, որպեսզի որոշ չափով փակեն այդ փոսերը, մինչև ճանապարհն ամբողջությամբ վերանորոգվի»,- ասում է Մելքոն Մակարյանը։

Բանն այն է, որ Դարբինյան փողոցի մի մասը և Ջավախեթյան փողոցը պետք է ասֆալտապատված լինեին դեռ 2022թ.-ին: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը 2021 թվականի հուլիսից սկսել է Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման աշխատանքները, որի շրջանակներում այս երկու փողոցները նույնպես պետք է ասֆալտապատվեն մինչև Դարբինյան-Թավիսուփլեբա խաչմերուկ։ Էլեկտրոնային տենդերը շահել է «Ճանապարհաշինության №1 վարչություն»-ը՝ 5 744 000.00 լարիի չափով։ Սակայն ճանապարհի ասֆալտապատումը կասեցվել էր և հետաձգվել մինչև հաջորդ տարի, քանի որ որոշվել էր Ջավախեթյան փողոցում կոյուղային համակարգ անցկացնել, որը նախկինում չի եղել, և փոխել ջրագիծը։ Այս աշխատանքների համար հայտարարվել էր առանձին էլեկտրոնային տենդեր, որը շահել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարի գումարով։ Պայմանագրով աշխատանքները պետք է ավարտվեին 4 ամսում, սակայն ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։ Այժմ ընկերությունն արդեն աշխատում է տուգանքներով, քանի որ բաց է թողել իր վերջնաժամկետները։ Ջավախեթյան փողոցում կոյուղու անցկացման աշխատանքներն ավարտելուց հետո ասֆալտապատումը կվերսկսվի։

Քրիստինե Մարաբյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝