Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի երիտասարդները դժգոհում են, որ չկա ոչ մի աշխատելու ու ազատ ժամանակը անցկացնելու տեղ:
Թորիա գյուղի միակ ֆուտբոլի մինի դաշտը, որտեղ երիտասարդները անցկացնում են իրենց ժամանակը ֆուտբոլ խաղալով, գտնվում է անմխիթար վիճակում: Ֆուտբոլային դաշտը գարնանը և վաղ ամռանը լցվում է ջրով, իսկ դաշտի պարիսպը կոտրված է:
Երիտասարդները գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ազատ ժամանցի վայրերի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանքներից հետո երիտասարդները հավաքվում են գյուղի կենտրոնում և խաղում խաղաթուղթ:
Ինչպես մեզ պատմեց Թորիա գյուղի բնակիչ Հարություն Մալխասյանը, երիտասարդների ազատ ժամանակ զբաղմունքի հարցը շատ կարևոր է:
«Այսօրվա դրությամբ Թորիա գյուղի երիտասարդների հիմնական խնդիրը համարվում է գյուղում Մշակույթի տան բացակայությունը, չկա ստանդարտ մարզադահլիճ և չկա սարքավորումներով հագեցած ֆուտբոլային դաշտ», – ասում է Հարություն Մալխասյանը:
Ջավախքի գյուղերը ծերանում են, քանի որ երիտասարդները հակված են գյուղերից գնալ մեծ քաղաքներ, և հիմնականում այնտեղ են գտնում միջոցներ ապրելու համար, իսկ երիտասարդության զբաղմունքի էլեմենտար խնդիրները` նրանց զվարճանքը, կարող է որոշ չափով լուծել այդ խնդիրը:
Բորիս Ղարսլյան