Շրջանավարտների կյանքում ավարտվեց մի փուլ, որն իր հետ տարավ մանկությունն ու տվեց «սթափեցնող» ազդակ՝ պատրաստելով նրանց կյանքի նոր փուլ մտնելու համար: Վերջի զանգի եռուզեռից հետո նրանցից շատերը սկսում են պատրաստվել ընդունելության քննություններին, գնալով իրենց մասնագիտական երազանքների հետևից: Իսկ ինչպիսի՞ն են այդ երազանքները, ի՞նչ ոլորտներում են նրանք ցանկանում հմտանալ ու զարգանալ, այս և այլ թեմաներով Jnews-ը զրույց է ունեցել Ախալքալաքի շրջանի տարբեր դպրոցների շրջանավարտների հետ և պարզել թե ո՞րն է այս տարվա «թրենդային» մասնագիտությունը:
Հարցմանը մասնակցել է 50 շրջանավարտ, ովքեր պատրաստվում են իրենց ուսումը շարունակել տարբեր ԲՈՒՀ-երում: Մեր այն հարցին, թե ի՞նչ մասնագիտություն են ընտրելու, պարզվեց նրանցից շատերը դեռ տատանվում են, իսկ ոմանք արդեն հստակ են իրենց կայացրած որոշման մեջ, ցանկալի մասնագիտությունները բազմազան են, ոլորտները՝ նույնպես:
Այսպիսով, հարցվածների գերակշիռ մասը նախընտրում է համակարգչային ծրագրավորումը (50 հարցվածի 14-ը), երկրորդ տեղում է բժշկությունը (50 հարցվածից 11-ը), իսկ երրորդը՝ երկլեզու կրթությունը (50 հարցվածից 7-ը), ցանկալի և հետաքրքրող մասնագիտություններից էին նաև հոգեբանությունը, տնտեսագիտությունը, միջազգային իրավագիտությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
Լիդա Ալմասյան