ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի ավագ խորհրդական Դերեկ Շոլլեն Վրաստան կատարած այցի առթիվ հոդված է հրապարակել, որտեղ նշում է, որ 1992 թվականից ի վեր Վրաստանին օգնությունը կազմում է մոտ 6 մլրդ դոլար։
Պետքարտուղարության ներկայացուցիչը միջազգային շրջագայության շրջանակներում այցելել է Վրաստան և հանդիպումներ ունեցել իշխանության, ընդդիմության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ։
Շոլլեն գրում է, որ հույս ունի, որ Վրաստանի կառավարությունը կարևոր ընտրական և դատական բարեփոխումներ կիրականացնի։
«Ինձ հուսադրում է Վրաստանի կառավարության խոստումը՝ կարևոր ընտրական և դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու առումով, այդ թվում՝ 2021 թվականի դեկտեմբերին կայացած Ժողովրդավարության վերջին գագաթնաժողովում։ Դրանք պետք է իրականացվեն, եթե Վրաստանը ցանկանում է իրացնել իր ողջ ներուժը»,- ասվում է հոդվածում։
Նա նշում է, որ Վրաստանն ավելի դիմակայուն կլինի ռուսական ագրեսիայի դեմ, «եթե իր դեմոկրատական ինստիտուտները, օրենքի գերակայությունը և բոլորի համար մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի և դա անի համապարփակ կերպով»։
Նա թվարկում է Վրաստանին 30 տարվա ընթացքում օժանդակության ծրագրերը, այդ թվում՝ ավելի քան 20 000 վրացի զինվորների վերապատրաստումը, Վրաստանի ավելի քան 6 000 քաղաքացիներին մշակութային և կրթական փոխանակումների նպատակով Միացյալ Նահանգներ ուղարկելը, 100 դպրոցների վերակառուցումը, արտահանման նոր շուկաներ գտնելը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, ժողովրդավարական բարեփոխումների և նախաձեռնությունների աջակցությունը:
Դիվանագետը Ռուսաստանի գործողությունները որակում է որպես «արյունոտ» և աջակցություն է հայտնում Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Վրաստանը յուրահատուկ պատկերացում ունի այն սպառնալիքի ուղղությամբ, որը Պուտինը ներկայացնում է միջազգային կարգի համար: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական օկուպացումը։ Ռուսական զորքերը պետք է հեռանան»,- գրում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Շոլլեն հայտարարում է, որ «Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի օկուպացիան և կատարի 2008 թվականի զինադադարի պայմանները»։
«Քանի դեռ Պուտինը շարունակում է Ուկրաինայի դեմ իր սադրիչ և չարդարացված պատերազմը, մենք կշարունակենք աշխատել Վրաստանի և այլ գործընկերների հետ՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին և պատժելու Կրեմլին՝ իր արյունալի գործողությունների համար։ Մենք բարձր ենք գնահատում վրաց ժողովրդի ակնհայտ աջակցությունը հարեւան Ուկրաինային, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրումը։ Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը կարող է և պարտավոր է անել ավելին»,- գրել է Շոլլեն։