Ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ևս մեկ վրացի զինվորականի դի է տեղափոխվել հայրենիք։ Քաղաքացիները հավաքվել էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մարտիկին։
Ռուսական բանակի հետ մարտերում ստացած ծանր վնասվածքների հետևանքով Ռատի Շուրղայան երկու անգամ ուղեղի ցնցում է ստացել։ Ուկրաինայում որոշ վրացի մարտիկների խոսքով՝ Շուրղայան դեռ չապաքինված վերադարձել է կռվի դաշտ և շարունակել մասնակցել մարտական գործողություններին, ինչի պատճառով նրա առողջական վիճակը վատացել է։ Մայիսի 15-ին նա մահացել է:
Այսօր՝ մայիսի 20-ին, Թբիլիսիի Կաշվեթի եկեղեցում տեղի կունենա զինվորական քաղաքացիական հոգեհանգիստը, իսկ երեքշաբթի օրը կամավորին զինվորական պատիվներով կհուղարկավորեն քաղաքացիական գերեզմանոցում։
Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է 11 վրացի զինվորական՝ Դավիթ Ռատիանին, Գիա Բերիաշվիլին, Բախվա Չիքոբավան, Դավիթ Գոբեջիշվիլին, Դավիթ Մենաբդիշվիլին, Նիկոլոզ Շանավան, Արկադի Կասրաձեն, Ալիկա Ցաավան, Զազա Բիծաձեն, Տատո Բիգվավան և Ռատի Շուրղայան։