Մշակույթ 18 Մայիսի, 2022 • «Մարդիկ վերածվեցին մարիոնետների, բայց իմ տիկնիկներն ինձ խոսք են տվել, որ երբեք մարդ չեն դառնա»

Մասնագիտությամբ նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանը ծնունդով Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է, ով կենդանացնելով հեքիաթային կերպարները ստեղծում է տիկնիկներ, գրում հեքիաթներ, շեշտադրելով մարդկային հարաբերություններն ու խնդիրները, իրականությունն ու մարդկային թերությունները:

Արմենը բավականին երկար ժամանակ է, ինչ իր շրջիկ թատրոնով ներկայացումներ է կազմակերպում տարբեր քաղաքներում ու գյուղերում, նպաստելով հայապահպանությանը:

Տաս տարի առաջ Արմեն Հովհաննիսյանը որոշում ու սկսում է պատրաստել տիկնիկներ, այսօր արդեն տիկնիկային թատրոն է հիմնել:

«Ես որոշեցի, որ պետք է կենդանացնեմ հեքիաթային կերպարները ու սկսեցի պատրաստել տիկնիկներ: Դրանց պատրաստման բուն գործընթացը սկսվեց 10 տարի առաջ, իսկ հետո սկսվեց հավաքածու տիկնիկների շարք ու այդ աշխարհը ինձ առավել գրավեց: Ես տեղում դոփել չեմ սիրում, փորձում եմ նոր լուծումներ գտնել և որոշեցի որ հավաքածու տիկնիկները կարելի է վերածել թատերական տիկնիկների և 4 տարի առաջ հիմնեցի իմ տիկնիկային թատրոնը»:
armen
Իր գրած հեքիաթները ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համար, քանի որ դրանցում իրականությունը ներկայացվում է հեքիաթի տեսքով, ցույց տալով արդի խնդիրները:

Արմենի առաջին ներկայացումը Հովհ. Թումանյանի «Շունն ու Կատուն» է եղել Թումանյանի տուն թանգարանում, հետո արդեն շարքը շարունակվել է: Այնուհետև փոխելով թատերական ոճը, նա տիկնիկները վերածել է մարիոնետների, որն իր տեսակով յուրօրինակ է, քանի որ մարիոնետների թատրոնի մեր տարածաշրջանում շատ քիչ ենք հանդիպում ու այն հեռացող ու վերացող արվեստ է:

«Ես ցանկացա իմ մոտեցմամբ, լուծումներով ու ներաշխարհով պահել այդ թատրոնի ուղղությունը, քանի որ այն ունի հին և խորը պատմություն: Թիֆլիսում թատերական արվեստով զբաղվող և տիկնիկային թատրոնի հիմնադիրներից եղել են նաև հայերը ու ես նորություն չեմ, այլ այդ արվեստի և մշակույթի կրողն ու պաշտպանողն եմ»:

Արմենի հիմնդրած տիկնիկային թատրոնը չունի կոնկրետ ֆինանսավորման աղբյուր: Նա թատրոնը պահում է իր սեփական, ինչպես ինքն է ասում՝ համեստ միջոցներով: Ունեցել է նաև դերասաններով համալրված ներկայացումներ, բայց վերջերս նա հանդես է գալիս միայնակ, քանի որ ֆինանսական միջոցներ չունի դերասաններին վարձատրելու համար:

Արմենի հանդիսատեսը ինչպես բազմազգ է, այնպես էլ առանց տարիքային սահմանափակումների: Ներկայացումներին երեխաներից բացի ներկա են լինում նաև մեծահասակները, ովքեր դեռևս չեն կորցրել իրենց ներսում եղած հեքիաթը: Ներակացումների ժամանակ ցուցադրվում են կոլաժներ, պարային և երաժշտական համարներ, որոնց միջոցով ներկայացվում է հայկական մշակույթը:

kukolni teatr 2

Այս պահին նա բազմաթիվ հրավերներ ունի, հնարավորությունների սահմանում փորձում է գնալ հայաբնակ գյուղեր: Համոզված է, որ եթե ինքը չգնա, ապա շատ երեխաներ իրենց կյանքում այդպես էլ չեն տեսնի տիկնիկային թատրոնը:

«Ես կյանքում տոմս վաճառած չկամ, երբ գյուղեր եմ գնում անգամ կոպեկի խոսակցություն չի կարող գնալ: Ճիշտ է ամեն անգամ գնալուց շատ խնդիրների եմ բախվում, բայց փորձում եմ ուժերիս ներածին չափով ինձնից ակնկալվածն անել: Միայն տեսնել է պետք, թե ամեն անգամ ինչ ոգևորությունով են երեխաները գալիս, ուրախանում, օգնում տիկնիկները տեղափոխելու գործում և այդ պահին մտքովս անգամ չի անցնում նրանցից գումար վերցնել: Սա ես բարեգործություն չեմ համարում, այլ ինձ հոգեպես հագեցած եմ զգում, որ մի լավ բան եմ անում, քանի որ ես մանկուց սպասում էի մի այդպիսի թատրոնի, որն այդպես էլ չեկավ»:

Շատերն են պնդում, որ մեր երեխաները հեռվանում են արվեստից, դա կապելով տեխնիկայի զարգացման հետ, սակայն Արմենը համամիտ չէ այդ կարծիքի հետ: Նա մտածում է, որ դա ծնողների բացթողման ու ծուլության հետևանք է, երբ երեխային լռեցնելու համար տալիս են սմարտֆոններ՝ նրանց զբաղեցնելու և ճիշտ դաստիարակելու փոխարեն: Հետո էլ ասում են, որ այս դարի երեխաները չեն ձգտում դեպի արվեստ, բայց հնարավորության դեպքում բոլոր երեխաներն էլ հետաքրքրվում են հեքիաթներով, թատրոնով, տիկնիկներով և այդ միֆերը հորինել են ծույլ ծնողները:

Արմենը նոր է վերադարձել Երևանից, հրավեր ուներ Փարաջանովի թանգարանից: Հիմա աշխատում է նոր ներկայացումների վրա: Շուտով «Կարմիր գլխարկը» նորովի կներկայացնի իր փոքրիկ հանդիսատեսի դատինն է: Հայտնի հեքիաթի տատիկը այն նույն ծեր և մահճակալին գանվածը չէ, այլ Ֆրանսիայից է եկել, ով սիրախաղի մեջ է գայլի հետ: Արմենի կարծիքով, այս նորը տարբերակ ավելի կգրավի հանդիսատեսին, նրանք կտեսնեն պատմությունը նորովի, որտեղ պահպանված կլինի հեքիաթի ցենզուրան:

Ինչ վերաբերվում է Արմենի տիկնիկների հավաքածուին, ապա եթե պատվերների դեպքում պատրաստում և վաճառում է, իսկ այն տիկնիկները, որոնք ստեղծվել են հավաքածուի համար, չի վաճառում:

kukolni teatr3

Վերջում տիկնիկագործը՝ իր և տկինիկների անունից հորդորում է, որ մարդիկ երբեք չթողնեն, որ իրենց ներսի հեքիաթը քնի: Քանզի հեքիաթներից հեռանալով, մենք կորցնում ենք մեր դիմագիծը, դառնալով ռոբոտային կերպար, իսկ արթուն պահելը մեզ օգնում է մարդ մնալ՝ չվերածվել տիկնիկի:

Արմեն Հովհաննիսյանը նույնիսկ գրվածք ունի, որ առաջին տիկնիկագործը Աստված էր, ով ստեղծելով մարդուն հորդորեց տիկնիկ չդառնալ:

«Մարդիկ վերածվեցին մարիոնետների, բայց իմ տիկնիկները ինձ խոսք են տվել, որ երբեք մարդ չեն դառնալու»:

Լիդա Ալմասյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝