ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց «առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են» և կոչ արեց 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները:
«Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի եւ ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջեւ դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08.00-ից քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց եւ տեր են կանգնում իրենց իրավունքներին», – ասում է նա ուղիղ եթերում:
Սաղաթելյանը կոչ արեց հավաքվել 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի:
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Իսկ բաժանմունքներում տեղ չկա, որ ընդունեն բերման ենթարկվածներին: Ըստ բերման ենթարկված Լևոն Քոչարյանի ուղիղ եթերի, նրանց 2-3 ժամ ավտոբուսի մեջ տեղափոխել են մի բաժանմունքից մյուսը, քանի որ տեղ չի եղել: