Ըստ Jnews-ի աղբյուրների՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 30 ազգությամբ հայ քաղաքացի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել։

Ինչպես Jnews-ին հայտնեցին Ուկրաինայի գործընկերները, պատերազմի ընթացքում, ըստ որոշ տվյալների, զոհվել է 29, իսկ մեկ այլ տվյալներով՝ 30 հայ։ Նրանց մեկ վեցերորդը զինվորականներ են։ Զոհերի հիմնական մասը խաղաղ բնակիչներ են։ Մահացածների մեծ մասը Մարիուպոլից է։ Հայ համայնքի առաջին մահացած ներկայացուցիչը Խերսոն քաղաքի բնակչուհի էր։

Նշենք, որ «Ուկրաինայի հայերի միության» ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայում ապրում է մոտ 400 հազար հայ։ Չնայած այն հանգամանքին, որ այժմ այնտեղ պատերազմ է, ուկրաինահայերից շատերը չեն լքել երկիրը և ամեն կերպ փորձում են օգնել։ Պատերազմի 76-րդ օրվա դրությամբ Ուկրաինայի հայ համայնքը, ըստ նրա ներկայացուցիչների հաղորդման, հավաքել է ավելի քան 500 տոննա մարդասիրական օգնություն, համազգեստ, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ՝ չհաշված տարածաշրջանային հայկական համայնքների օգնությունը։ Ուկրաինային լայնածավալ օգնություն տրամադրվում է առանձին մարզային համայնքների կողմից նույնպես։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հայերի միությանը «թշնամուն հակազդելու, խաղաղ բնակչությանը և Ուկրաինայի զինված ուժերին օգնելու գործում նշանակալի ավանդի համար»։

«Սա Ուկրաինայի կողմից երախտագիտությունն է յուրաքանչյուր հային, ով պատերազմի առաջին օրերից կողք կողքի կանգնած է իր ուկրաինացի ընկերների հետ։ Սա շարունակելի բնույթ է կրում»,- մեկնաբանեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։