Վրաստանում աշակերտները ախտորոշիչ ստուգում կանցնեն՝ պարզելու, թե որ խնդիրներն են իրենց համար արդիական կորոնավիրուսից հետո և կմշակեն ծրագրեր ու մեթոդներ՝ դպրոցական կրթության վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու համար։ Թեստերը կգնահատվեն ոչ թե միավորներով, այլ մեկնաբանություն-վերլուծությամբ։
Ինչպես պարզաբանում են մասնագետները, ախտորոշիչ գնահատումը չի ազդի նկարագրական գնահատման վրա և կունենա միայն զարգացման գնահատման գործառույթ, ինչպես նաև համաճարակի հետևանքով առաջացած կրթական կորուստների ուսումնասիրություն, որը կօգնի վերլուծել աշակերտների կրթական կարիքները և ծրագրել համապատասխան գործողություններ՝ նպաստելու նրանց առաջընթացին։
Ախտորոշիչ գնահատումը կիրականացվի անհատապես բոլոր ուսուցիչների կողմից և դրան կմասնակցեն IV-IX դասարանների աշակերտները, բացառությամբ` օտար լեզուներ և համակարգչային տեխնիկա առարկաներից:
Ինչ վերաբերվում է թեստերի հայերեն տարբերակին, ապա դրանք թարգմանվում են, սակայն Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, դրանք դեռ հասանելի չեն և երբ ստանան այդ պահից էլ կսկսեն իրականացնել:
Դպրոցները թեստերը կստանան էլեկտրոնային տարբերակով, այնուհետև անձամբ կորոշեն թեստավորումն անցկացնելու կարգը: Ելնելով նյութատեխնիկական հնարավորություններից՝ դպրոցը կարող է թեստավորումն անցկացնել՝ ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ թղթային։