Շրջանում ոչ կառավարական, հասարակական կազմակերպությունների գործունեության 25 տարիների ընթացքում նրանց թիվը գրանցված ավելի քան 200-ից նվազել է՝ հասնելով մի քանի ակտիվ կազմակերպությունների։ Ո՞ր պատճառներն են, որ մարզային ՀԿ-ների գործունեությունը կենտրոնից կախված և սահմանափակ են դարձնում, և ինչ եզրակացությունների են հանգել Ախալքալաքի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները քառորդ դարի ընթացքում:
Եթե դիտարկենք 100 000 դոլարանոց և միլիոնանոց բյուջե ունեցող ծրագրերը, ապա իրականացնող կազմակերպությունների ցանկում չկա որևէ տեղական կամ մարզային կազմակերպություն, որը կարող է ինքնուրույն տնօրինել այդ ծրագիրը: Փաստաթղթերը, որոնք լրացվում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ փոքր, տարածաշրջանային ՀԿ-ների հնարավորություններից վեր են: Եվ ոչ ոք բավականաչափ աշխատանք չի կատարում այդ կազմակերպությունների զարգացման ուղղությամբ։ Հետևաբար, վերջին մի քանի տարիների ընթացքում տեղական կազմակերպությունները լավագույն դեպքում ստանում են փոքր դրամաշնորհներ իրենց գործունեության համար, իսկ դրանց մեծ մասը մարել ու անհետացել են։
Տեղականները կենտրոնայինների ստվերի տակ
Փորձառու ՀԿ-ի ներկայացուցիչ, Ախալքալաքի «Մեծահասակների կրթության կենտրոնի» տնօրեն Շորենա Թեթվաձեն կարծում է, որ ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Ամեն ինչ կախված է ֆինանսավորումից, քանի որ անիրատեսական է երկար ժամանակ աշխատել առանց աշխատավարձի, տարածքի վարձակալության, կոմունալ ծախսերի և գործունեության համար անհրաժեշտ այլ մանրուքների։ Սակայն, մյուս կողմից, ֆինանսավորում չի լինի, եթե չաշխատեն բարեխղճորեն։ Տեղական հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը նաև կախված է նրանց ցանկությունից, ինքնազարգացումից, մոտիվացիայից։
«Եթե ֆինանսավորում չկա, ոգևորվածությունը սկսում է մարել, և ստիպված ես փոխել գործունեության ոլորտը, և երկրորդը, եթե դոնորը ֆինանսավորում է, բայց դու առաջ չես գնում, դու լճացման մեջ ես, հենց այդ պատճառով ոչ մի դոնոր չի վստահի քեզ և չի ֆինանսավորի: Բայց մեզ մոտ կա ևս մի բան, որը մեծապես ազդում է ՀԿ-ների զարգացման վրա: Քանի որ ազգային փոքրամասնությունները դոնորների առաջնահերթությունն են հանդիսանում, կենտրոնական ՀԿ-ները գաղափարներ են ընդունում և նախագծեր գրում՝ գաղափար չունենալով, թե ինչպես իրականացնել այդ նախագծերը տեղում: Հետո նրանք վարձում են համակարգող տեղի ակտիվներից, և հաճախ նրան շատ ավելի քիչ են վարձատրում, քան եթե այդ մարդն աշխատեր Թբիլիսիում, և նա արդեն իրականացնում է այս նախագիծը, հաճախ դա կրում է ցուցադրական բնույթ: Արդյունքում դա ոչ մի օգուտ և արդյունք չի տալիս»,- ասում է Շորենա Թեթվաձեն։
Այս միտումը ընդգծում է նաև Մախարե Մացուկատովը, ով նույնպես քաղաքացիական ոլորտում է աշխատում անցյալ դարի 90-ականների վերջից։ Այնուամենայնիվ, նա ֆիքսում է մեկ այլ միտում ևս, որ դոնորները հիմնականում ֆինանսավորում են ոչ այն, ինչ իրականում անհրաժեշտ է մեր շրջանին, որտեղ խիտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները, ինչը չի օգնի լուծելու նրանց խնդիրները։
«Ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ դոնորները երբեմն հայտարարում են խոշոր ծրագրերի ֆինանսավորման մասին, որոնք մարզերի համար շահում էին կենտրոնական, խոշոր կազմակերպությունները, իսկ տեղական, մարզային կազմակերպությունները դառնում էին ենթակապալառուներ: Դե կամ էլ այս կենտրոնական կազմակերպությունները հենվում էին ՀԿ-ների տեղական ներկայացուցիչների վրա: Ստացվում էր այնպես, որ մարզային ՀԿ-ների ներկայացուցիչներին վարձում էին որպես համակարգողներ կամ մոբիլիզատորներ: Մի կողմից դա լավ էր, բայց մյուս կողմից՝ սա հանգեցրեց նրան, որ տեղական կազմակերպություններն, որոնց ներկայացնում են այս մարդիկ, այլևս չունեին իրենց պատմությունը», – ասում է նա:
Մեկ առաջնորդի թուլացող կազմակերպությունները
Մախարեն կարծում է, որ այս միտումը թուլացնում է կազմակերպություններին, և արդյունքում միայն մեկ մարդ է ակտիվ մնում կազմակերպության թիմից։ Կազմակերպությունը թուլանում է և չի զարգանում, արդյունքում դադարում է գործել։ Այսպիսով, հաճախ տեղական կազմակերպությունը դա մեկ անձ է։
«Մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչպես մեր շրջանին ուղղված նախագծերում բնիկները լիիրավ գործընկերներ լինեն կենտրոնական ներկայացուցիչների հետ: Կարծում եմ սա կաշխատի, քանի որ մի կողմից կազմակերպությունը տեղում կաշխատի, ստեղծելով իր պատմությունը, իսկ մյուս կողմից էլ՝ նախագծերն ավելի արդյունավետ կլինեն, քանի որ այդ նախագծի իրականացմանը կներգրավվեն տեղական կազմակերպությունները, տեղացի մարդիկ։ Այն նաև կօգնի կազմակերպությանը փորձ ձեռք բերել, որպեսզի հետագայում ավելի կենսունակ լինի և զարգանա: Հետագայում, կարծում եմ, այդ մասին պետք է խնդրել դոնորներին, որ նրանք այս պայմանները ամրագրեն, երբ հայտարարեն դրամաշնորհի մասին: Թե չէ ստացվում է, որ 25 տարվա ընթացքում կան միայն մի քանի հոգի, որոնց մատների վրա կարելի է հաշվել, ովքեր ցանկանում են, որ ՀԿ-ները ակտիվ լինեն։ Ակտիվիստներ կամ հասարակական գործիչներ, նրանք ինչ-որ հանգրվան են փնտրում, ինչ-որ ծրագրեր, որտեղ անձամբ իրենք են աշխատում, այլ ոչ թե իրենց կազմակերպությունները»,- ավելացնում է Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը։
Վերջինիս կարծիքով, միլիոնավոր դրամաշնորհներ հայտարարող դոնորները նախընտրում են աշխատել կենտրոնական ՀԿ-ների հետ՝ համարելով մարզային ՀԿ-ներին ոչ կոմպետենտ դրամահավաքի (fundraising) և հաշվետվության, ինչպես նաև փաստաթղթերի կառավարման հարցերում: Այնուամենայնիվ, ըստ Մախարեի, մարզային ՀԿ-ները կմնան անփորձ, եթե դոնորները շարունակեն իրենց անվստահությունը նրանց նկատմամբ:
Այն վարկածի հետ, որ Ախալքալաքի հասարակական կազմակերպությունները մրցունակ չեն դոնորների «անվստահության» պատճառով, համաձայն է նաև Լելյա Ռայիսյանը, ով հիմնականում աշխատում է երիտասարդության, գենդերային և այլ հարցերով։
«Խոշոր ՀԿ-ներն աշխատում են ավելի մեծ մասշտաբով, քան մենք: Կարծում եմ, որ շատ քիչ հավանական է, որ Ախալքալաքի ՀԿ-ներին մեծ գումարներ հատկացվեն, քանի որ մեզ հասանելի են հիմնականում փոքր և միջին դրամաշնորհները: Քանի որ մենք չենք կարող մասնակցել մեծ դրամաշնորհներին: Առաջինը` մենք չունենք մարդկային ռեսուրս, որ կարողանանք իրականացնել այդ նախագծերը, երկրորդ` նման դրամաշնորհներ չեն էլ տրվում: Կան կազմակերպություններ, որոնք վճարովի դասընթացներ ունեն, և անկախ նրանից դրամաշնորհ կա, թե ոչ, հնարավորություն ունեն իրենց գոյությունը պահպանել այդ վճարովի դասընթացների հաշվին, բայց մեր դեպքում դա այդպես չէ, մենք այլ եկամուտ չունենք: Մենք չենք հասել այն մակարդակին, որ կախված չլինենք դոնորների դրամական միջոցներից»,- ասում է «Կանայք Ջավախքի ապագայի համար» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լելյա Ռայիսյանը:
Հաջող մեկնարկ և կապեր
«Local Action Group»-ը (LAG) իր գործունեությունը սկսեց հաջող մեկնարկով: Խումբը հավաքվեց ԵՄ ENPARD2 նախագծի շրջանակներում: Այնուհետեւ խումբը գրանցվեց եւ այժմ այն շարունակում է իր գործունեությունը` շահելով դրամաշնորհներ եվրոպական հիմնադրամներից։ LAG-ը նոր կազմակերպություններից է և այսօր ունի ակտիվ նախագծեր, ինչը շատերին տրված չէ։
«Հաջող մեկնարկի պատճառն այն էր, որ մենք սկսել էինք լավ փորձով՝ ENPARD2-ի շրջանակներում, երբ LAG-ը ֆինանսավորվում էր, և դրան զուգահեռ մենք անցնում էինք տարբեր թրեյնինգներ: Եվ այսօր բոլոր LAG-երը Վրաստանում համագործակցում են Եվրամիության հետ: Երբ ծրագիրն ավարտվեց, մենք մնացինք առանց ֆինանսավորման, քանի որ 4 տարի մենք օգտագործում էինք այս ծրագրի գումարը, նպատակը շրջանի զարգացումն էր, սոցիալ-տնտեսական զարգացումը։ Բայց մենք փորձ ձեռք բերեցինք, և մենք հիմա՝ նախագծից հետո, չենք փակվել, ինչպես սովորաբար լինում է նախագծերի դեպքում, այլ աշխատում ենք, կապեր ենք ստեղծել, և որ ամենակարեւորն է՝ համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Երբ նրանք գալիս են այստեղ, օգնում ենք հարմարվել, օգնում ենք հանդիպումներ կազմակերպել և արդյունքում մասնակցում ենք այդ նախագծերին»,- ասում է Ախալքալաքի LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը։
Գիորգի Անդղուլաձեի կարծիքով, ով 90-ականների վերջին շրջանում առաջիններից էր, ով լծված էր քաղաքացիական հասարակության զարգացման գործին, Ջավախքի ՀԿ-ների ամենամեծ խնդիրը դա անկայունությունն է։
«Իրենց գործունեությունը պահպանելու համար նրանք պետք է վերաֆորմատավորեն իրենք իրենց, փոխեն իրենց նպատակները, դիրքորոշումները, հարմարվեն դոնորների չափանիշներին: Ցավոք, դեռ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ՀԿ-ների օգնությամբ, մենք մեր երկրում ունենք բավականին շատ նմանատիպ խնդիրներ: Կան տարբեր մոտեցումներ դոնորների նկատմամբ, այլ մոտեցում կա Թբիլիսիից ժամանած «գործընկերների» նկատմամբ։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ՀԿ-ները չեն աշխատում կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ, այլ աշխատում են այն խնդիրների վրա, որոնց համար դոնորները հայտարարում են դրամաշնորհներ։ Կան մի քանի պատճառներ, թե ինչու դոնորները անմիջապես չեն համագործակցում մարզերի ՀԿ-ների հետ, այլ նրանց միջնորդ է հարկավոր Թբիլիսիից: Առաջին ամենակարեւոր պատճառն այն է, որ մեր շրջանում ՀԿ-ները թույլ են։ Մենք բավարար հնարավորություններ չունենք ինքներս օրակարգ սահմանելու, մինչ դոնորները հասնելու և ինքներս առաջարկելու, թե ինչ խնդիրների վրա կարելի է աշխատել։ Եվ երկրորդ խնդիրն այն է, որ մեր ՀԿ-ների թուլության պատճառով մենք չենք կարող ազդել պետության քաղաքականության վրա՝ այս խնդիրները սահմանելու այն շրջաններում, որտեղ խիտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները»,- ասում է նա։
Ախալքալաքի, և առհասարակ, Ջավախքի ՀԿ-ների գործունեությունը հնարավորություն է տալիս տեղում աշխատել մշտապես՝ ի տարբերություն կենտրոնական ՀԿ-ներից, որոնք նախագծից նախագիծ են հայտնվում շրջանում։ Այսօրվա դրությամբ, զարգացած և ուժեղ տեղական ՀԿ-ները հասարակության կայուն զարգացման բանալին են, ինչը մենք չունենք։