Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունները ուղերձ են տարածել, որն ուղղված է Վրաստանի կառավարությանը, առանձին նախարարություններին, Վրաստանում գործող միջազգային կազմակերպություններին և հիմնադրամներին: Ուղերձում ներկայացվում է շրջանի խնդիրները և առկա ռիսկերը, որոնք սերտ կապված են Սամցխե-Ջավախքի բնակչության մեծամասնության տնտեսական կախվածության հետ Ռուսաստանից:
Ուղերձը ստորագրել են 21 կազմակերպություն՝ Ախալքալաքից, Ախալցիխեից, Նինոծմինդայից և Բորժոմից:
Դիմումը հրապարակվել է Դեմոկրատ մեսխերի խորհրդի ֆեյսբուքյան էջում: Ներկայացնում ենք ուղերձի տեքստի թարգմանությունը:
«Մենք՝ Սամցխե-Ջավախքի քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մտահոգությամբ հետևում ենք Ուկրաինայում ռուսական ագրեսիային և այս դժվարին պայքարում աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին: Ռուսական ագրեսիան, բացի միջազգային խաղաղությանը, ազատությանը և ժողովրդավարական զարգացման արժեքներին սպառնացող վտանգից, էական մարտահրավեր է ներկայացնում հատկապես մեր տարածաշրջանի համար։ Մասնավորապես, այս պատերազմն ավելի բացահայտեց Սամցխե-Ջավախքի առջև ծառացած ռիսկերը՝ կապված Ռուսաստանից մեր տարածաշրջանի տնտեսական, ֆինանսական և տեղեկատվական կախվածության հետ: Տարածաշրջանից շատ մարդիկ տարիներ շարունակ ապրում են Ռուսաստանում և ընտանիք են պահում ֆինանսական փոխանցումների միջոցով, շատերն են սեզոնային աշխատանքի մեկնում այնտեղ։ Ինչպես նաև, ռուսական քարոզչական լրատվամիջոցները մնում են տարածաշրջանում որպես տեղեկատվության կարևոր աղբյուր: Մենք նախկինում բազմիցս նշել ենք այս ռիսկերը։ Եվ հիմա, հաշվի առնելով միջազգային հանրության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ Ռուսաստանից դրամական փոխանցումները կկրճատվեն, և այնտեղ մեկնած բնակչության մի մասը կվերադառնա տարածաշրջան։ Ակնկալվում է, որ Սամցխե-Ջավախքում գործազրկության մակարդակը կավելանա և սոցիալական ֆոնը կվատթարանա:
Ելնելով վերոգրյալից, մենք՝ Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպություններս, կոչ ենք անում կառավարությանը և Վրաստանում գործող միջազգային կազմակերպություններին հաշվի առնել այդ ռիսկերը, օգտագործել դրանք որպես հնարավորություն՝ ի շահ երկրում ապրող քաղաքացիների։ Ստեղծված իրավիճակը պետության համար հնարավորություն է տալիս դադարեցնել Սամցխե-Ջավախքի բնակչության կախվածությունը Ռուսաստանից և արագացնել նրանց քաղաքացիական ինտեգրման գործընթացը։ Նպատակային քաղաքականություն վարելով՝ հնարավոր է Սամցխե-Ջավախքի բնակչության տնտեսական ինտեգրումը ևս։
Օրինակ. գյուղատնտեսական ծրագրերի միջոցով, խրախուսելով զբոսաշրջությունը՝ հնարավոր է լրացուցիչ եկամուտներ ստեղծել տեղի բնակչության համար։ Հնարավոր է նաև նրանց ներգրավել եվրոպական երկրներում գործող զբաղվածության ծրագրերում։ Մենք նաև դիմում ենք Վրաստանում գործող միջազգային կազմակերպություններին՝ առաջնահերթային համարել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը և ուժեղացնել ծրագրային աջակցությունը՝ ներառյալ անկախ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ամրապնդումը, դրանով իսկ նպաստելով քաղաքացիական ինտեգրմանն ու տնտեսական հզորացմանը»:
Ուղերձը կարող եք կարդալ սեղմելով՝ այստեղ: