Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրել Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղել Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից:

«Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները Twitter-ում անդրադարձել էր Փայլանի այդ օրենսդրական նախաձեռնությանը՝ գրառելով.

«Խստորեն դատապարտում եմ այն լկտիությունը, որը փորձում է ստիպել մեր ազգին խոնարհվել այսպես կոչված «ցեղասպանության» մասին օրինագծով»։

Փայլանը, ի պատասխան վերոհիշյալ ազգայնական գործչի այս հայտարարություններին, «Diken» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Աքշեներն իր այդ գրառմամբ արդեն կայծը տվել է։

«Ինձ շատ զարմացրեց այն, որ այդ բանը հենց ինքը սկսեց․․․ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր առաջարկ, այս առաջարկն էլ կարելի էր քննադատել, բայց Մերալ Աքշեներն ինձ գայլերի սեղանը (երախը-խմբ․) նետեց»,- ասել է նա։

Փայլանը նշելով, որ բազմաթիվ գործիչներից սպառնալիքներ է ստանում, հիշեցրել է Հրանտ Դինքի օրինակը, ով մի արտահայտության պատճառով թիրախում էր հայտնվել, «դավաճանի» պիտակ ստացել և արդյունքում սպանվել։

«Չի կարելի ակնկալել, որ փոքրամասնություն կազմող անձը թիրախ չդառնա, երբ օգտագործում եք «Գարո Փայլան դավաճան» պիտակավորումը։

Ես մի բան գիտեմ, որ եթե երկրի նախագահը, իշխանության դաշնակիցը, նախարարներն ասել են «դավաճան», ինձ հետ ամեն պահի կարող են ամեն տեսակի սադրանքներ պատահել»,- ասել է մեջլիսի հայ պատգամավորը»։

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ, որով առաջարկվում է սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել դրա մեղավորների անունները:

Դրանց փոխարեն առաջարկվում է այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանն ընդդիմացած քաղաքացիական ծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

«Հայ ժողովրդի Մեծ եղեռնն իրականացնելու վայրում՝ Թուրքիայի խորհրդարանում, պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե նման բան տեղի ունենա, այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարաններն ինչ կասեն այդ հարցի մասին: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Այս հողերում Հայոց ցեղասպանություն է իրականացվել է, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում: