Այսօր Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում կատարվեց կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորման առաջին վիրահատությունը։ Նման վիրահատություններն այսուհետ հասանելի կլինեն նաև Ախալքալաքում։

Կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորումը վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ կոնք-ազդրային հոդը փոխարինվում է պրոթեզային իմպլանտով: Հոդերի փոխարինման այս վիրահատությունը սովորաբար արվում է արթրիտի կամ ազդրի որոշ կոտրվածքներից առաջացած ցավը թեթևացնելու համար: (Վիքիպեդիա)

Ախալքալաքի հիվանդանոցում վիրահատությունն իրականացրեց Քութայիսիի «Էվեքս» կլինիկայի առաջատար վնասվածքաբան Իրակլի Գոգինավան՝ իր բժշկական թիմի հետ։ Հիվանդը 86 տարեկան է։ Վիրահատությունը բավականին բարդ է և տևում է մոտ 45 րոպե։

Նման վիրահատություններ իրականացվել են Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում նաև՝ Ախալցիխեում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր շրջանում՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, բավականին շատ մարդիկ կան, ովքեր նման վիրահատության կարիք ունեն, մենք բարձրացրեցինք այս հարցը, որ նման վիրահատություններ պետք է իրականացվեն այստեղ ևս։ Քանզի վիրահատությունը երբ կատարվում է այլ քաղաքներում, հիվանդի հարազատների համար դա միշտ կապված է դժվարությունների, այդ թվում՝ մեծ ծախսերի հետ։ Հուսով եմ, մեզ կհաջողվի այս ծառայությունը ներդնել այստեղ»,- ասաց Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Նա խնդրում է նման խնդիրներ ունեցողներին դիմել Ախալքալաքի հիվանդանոց, որտեղ նրանց կգրանցեն։

«Հետո կգան խորհրդատվության։ Նրանք, ովքեր վիրահատության կարիք ունեն, կվիրահատվեն, իսկ ով բուժման կարիք ունի՝ կբուժեն։ Եթե մարդիկ հետազոտվել են Հայաստանում կամ Վրաստանում, և նրանք պրոթեզավորման կարիք ունեն, կարող են դիմել մեզ։ Բժիշկների խումբը կժամանի, եթե նույնիսկ մեկին է հարկավոր վիրահատել, նրանք լուրջ բժշկական սարքավորումներ են բերում»,- ասում է Ալեքսան Թորոյանը։

Հետվիրահատական վերականգնումն իրականացվում է Ախալքալաքում, սակայն վիրահատող բժիշկները 10-12 օր հետո հիվանդին կրկին անգամ զննում են։

Այդ վիրահատություններն իրականացվում են պետական ծրագրի շրջանակներում, պետական ֆինանսավորմամբ։ Մարդկանց մի կատեգորիա կա, որը 100 տոկոսով ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ որոշ կատեգորիաներ վճարում են 30-40 տոկոս՝ ինքնաֆինանսավորման տեսքով։