4-ից մինչև 9-րդ դասարանների աշակերտներն ախտորոշիչ ստուգում կանցնեն՝ պարզելու, թե որ խնդիրներն են իրենց համար արդիական կորոնավիրուսից հետո և կմշակեն ծրագրեր ու մեթոդներ՝ դպրոցական կրթության վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու համար։ Թեստերը կգնահատվեն ոչ թե միավորներով, այլ մեկնաբանություն-վերլուծությամբ։ Թեստավորման արդյունքը չի ազդի աշակերտի գնահատականների վրա։
Ախտորոշիչ թեստերը կամ գնահատման գործիքները ներկայումս թարգմանվում են հայերեն և Ախալքալաքի դպրոցները շուտով դրանք արդեն կստանան։ Քննությունները կանցկացվեն բոլոր առարկաներից, բացի երկուսից՝ ժամանակի սղության պատճառով, իսկ թե կոնկրետ ո՞ր երկու առարկաներից՝ Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնում դեռ չգիտեն:
Դպրոցները թեստերը կստանան էլեկտրոնային տարբերակով, այնուհետև անձամբ կորոշեն թեստավորումն անցկացնելու կարգը: Ելնելով նյութատեխնիկական հնարավորություններից՝ դպրոցը կարող է թեստավորումն անցկացնել կամ էլեկտրոնային եղանակով, կամ տպել և տալ աշակերտներին։
«Հետագայում բոլոր դասարաններում նման թեստեր են անցկացվելու, սա ժամանակի խնդիր է, դրանք մշակման փուլում են։ Հիմնական նպատակն է բացահայտել այն հետևանքները, որոնք թողել է կորոնավիրուսը երեխաների մոտ՝ հանգեցնելով որոշ խնդիրների։ Նոր ուսումնական տարվա համար նոր, անհատական ուսումնական ծրագիր մշակելու համար»,- ասում է Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։
Թեստերը գնահատվելու են ոչ թե միավորներով, այլ այսպես կոչված «զարգացող գնահատմամբ», որի օգնությամբ կոնկրետ առարկայի ուսուցիչը կվերլուծի, թե ինչ պահանջմունքներ ունի աշակերտն այս առարկայից։ Մեկնաբանությունների տեսքով վերլուծությունը կլինի էլեկտրոնային մատյանում։