Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղի բնակիչները իրենց սեփական տանը խմելու ջուր չունեն, ամեն օր գյուղի միակ աղբյուրից խմելու ջուր են կրում:

Այս գյուղում մարդիկ էշով կամ դույլով խմելու ջուր են կրում: Սեփական տան դիմաց հոսող ջուր ունենալը գյուղացիների համար անիրական երազ է: Տարիներն անցնում են, մարդիկ փոխվում են, փոխելով իրենց շրջակայքը, սակայն այս գյուղում կարծես ամեն ինչ կանգ է առել: 100 տարի առաջ էլ, այսօր էլ մարդիկ այլ ելք չունենալով դույլերով ջուր են կրում:

Xorenya jur
Գինոսյանները 30 տարի առաջ իրենց տան մոտ 15 մետր խորությամբ փորելուց հետո հասել են ջրի: Ամեն օր էլեկտրական շարժիչի օգնությամբ ջուր են հանում գենտի տակից և օգտագործում կենցաղում: Այս ջուրը կանգնած ջուր է, և խմելու համար չէ, սակայն շատերը հոգնել են ամեն օր ձեռքով ջուր կրելուց և ստիպված հորի ջուր են խմում, ճաշ եփում և այլն:

«Ջուր չկա ընդհանրապես, առաջ էշով էինք կրում, հիմի արդեն 20-30 տարի է հորից ենք հանում: Սա էլ կրկնակի ծախս է, ամսեկան 20 լարի մենակ էլեկտրաէներգիայի համար ենք վճարում, շարժիչն է վառվում, ամեն ինչ ծախս է: Այս ջրի բաղադրությունը չի ստուգվում, ամեն մարդ իր տան տակից ջուր է հանում, ում պետքն է գան ստուգեն, սաղ գյուղը երիկամների, աղիքների հիվանդություն ունեն,- ասաց Մեծ Խորենիա գյուղի բնակչուհի Ջուլիետա Գինոսյանը, ավելացնելով, – Ես հորի ջուրը միայն տնային գործերի համար եմ օգտագործում, խմելու համար գյուղի աղբյուրից եմ ջուր բերում»:

Xorenya

Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղում ընդամենը մի հոսող աղբյուր կա: Չնայած նրան, որ գյուղացիները աղբյուրից են ջուր կրում, որ մաքուր ջուր խմեն, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ դա էլ մաքուր ջուր է, քանի որ աղբյուրը բաց է և գտնվում է ճանապարհի եզրին: Եվ ամեն վայրկյան հնարավոր է ինչ-որ բան լցվի աղբյուրի մեջ:

Xorenya3

«Աղբյուրի ջուրն ենք բերում, բայց դա էլ մաքուր չէ, ճանապարհի վրա է, խոտ են կրում, ավազ են կրում, փոշին, ամեն ինչ թափվում է աղբյուրի մեջ: Ես օրական երկու դույլ ջուր եմ բերում: Հորի ջուր ունենք, բայց դա խմելու համար չէ, անասուններին ենք տալիս, տունն օգտագործում: Բաղնիք չունենք, լվացքի մեքենա չունենք, ունեղոցներն էլ մեծ ցիստերն են դրել, դա էլ ամեն մարդ հնարավորություն չունի»,- ասաց տարեց կինը և վրդովված շարունակեց ճանապարհը:

Աղբյուրի ջուրը կեղտոտվում է ոչ միայն շրջակա միջավայրի պատճառով, այլև հենց բնակիչների:

«Մի աղբյուր ունենք, դույլերը մտցնում են ջրի մեջ, ով ասես, լվացած-չլվացած ամանները մտցնում են ջրի մեջ: Օրական միլիոն դույլ է մտնում էդ ջրի մեջ, եթե ճիշտն ես ուզում, դա էլ չի կարելի խմել: Աղբյուր տեսնես կվախենաս, ճանապարհի թոզը մեջը, գորտը մեջը, էդ ջուրը մենք խմում ենք»,- ասաց Սվետլանա Սարգսյանը, ով արդեն 30 տարուց ավելի է Խորենիա գյուղ հարս է եկել և Աստծո ամեն օր ձեռքով ջուր է կրում:

Xorenya2

Հորի ջուրը մարդկանց շատ անհրաժեշտ է, գոնե կենցաղային օգտագորժման համար, սակայն վերջին տարիներին հորերը ևս սկսել են ցամաքել: Մեծ Խորենիա գյուղի մասնագետ Արկադի Ֆիդանյանի խոսքով, խորհրդային տարիներից մինչ օրս իրենց գյուղում խմելու ջրի խնդիր կա:

«Մեր գյուղի բնակչության մոտավոր 70% հոր ունենք, որտեղից ջուր ենք հանում: Բայց ինչ սկսեցին երկաթգծի շինարարությունը, մեր գյուղացիների 15-20 տոկոսի հորերը ցամաքեցին: Հիմա թուրքերը խոստացել են, որ կայարանի և մեր գյուղի համար ջուր կբերեն Դիլիֆից: Տեսնենք ինչ կլինի»,- ասաց Արկադի Ֆիդանյանը:

Xorenya1

Աղունիկ Այվազյան