Ամերիկահայ բարերարների աջակցությամբ Ջավախքի տարբեր գյուղերում միայնակ ապրող, ծեր և անաշխատունակ մարդկանց սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են բաժանվում:

Այս օգնության գաղափարին սկիզբ է տվել Կարինե Աբուլյանը, ում ջանքերով առաջին անգամ հովանավորել է «One Family at a Time»-ը: Ժամանակի ընթացքում նախաձեռնությանը միացել են այլ անհատներ, որպես հովանավորներ: Նախաձեռնության նպատակն է որոշ չափով թեթևացնել միայնակ ծեր և անաշխատունակ մարդկանց առօրյա հոգսերը: Ջավախքում այդ օգնության բաժանման հարցում կամավորական հիմունքներով աշխատում է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Սպարտակ Բերիկյանը: Նա արդեն 4-րդ անգամն է ինչ Ախալքալաքի տարբեր գյուղերում, մասնավորապես՝ Բավրա, Կարտիկամ, Խոսպիո, Կուլիկամ, Օրջա, Արագվա, Մաջադիա, Ազավրեթ, Դադեշ և Խորենիայում բաժանում է օգնություն: Գյուղերի ցանկը սահմանափակ չէ:

«Ներառված են այն մարդիկ, ում կարիքավոր լինելու մասին ես ստացել եմ տեղեկություն ընկերներիցս և գյուղապետերից», – մեզ հետ զրույցում ասաց նա:

Սպարտակը հիմա փորձում է գտնել հնարավորինս շատ տեղեկություն այդպիսի մարդկանց մասին, հնարավորինս շատ օգնելու և ծրագրի շահառուների շրջանակը մեծացնելու համար: Այս պահին նա տեղեկացված չէ Ջավախքի այլ մասերում՝ Նինոծմինդայում և Ախալցիխեում ապրող կարիքավոր, միայնակ ծերերի մասին: Այս պահին միայն Ախալքալաքում է կարողանում հասցնել այդ օգնությունը: Ինչքան ծրագիրը ընդլայնվի և հովանավորները շատ լինեն, այդքան ավելի շատ մարդ կներառվի օգնություն ստացողների ցանկում:

«Այս պահին կարևոր նպատակն է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ցանկություն կունենան տրամադրել գումար այս գործի համար», – հավելում է նա:

Սպարտակը խնդրում է կապ հաստատել նշված հեռախոսահամարով 574 67 97 84, եթե այս ծրագիրը ինչ որ մեկին հետաքրքրի: