Ախալքալաքի մունիցիպալիտետում ԵՄ ENPARD-2 ծրագրի շրջանակներում LAG-ի (Տեղական Զարգացման Խումբ) ծրագրերից մեկն է տարածաշրջանի Հույների համայնքային միության «Հունարենի ուսուցման կիրակնօրյա դպրոց ժամանակակից մեթոդներով» սոցիալական նախագիծը:

Ընդհանուր նախագծի գումարը կազմել է 6640 լարի, որից 1640 լարին ինքնաֆինանսավորումն է, 5000 լարին` դրամաշնորհը: Նախագիծը սոցիալական է։ Նախագծի նպատակն է պահպանել հունարենը, սովորույթներն ու ավանդույթները Ջավախքի հունական համայնքում։

Դրամաշնորհի ողջ գումարով Հույների միությունը ձեռք է բերել 4 համակարգիչ, ականջակալներ, վերանորոգել է Ախալքալաքում գտնվող տարածաշրջանի Հույների համայնքային միության գրասենյակի խոհանոցն ու սենյակը։ Հունարենի կենտրոնը կոչվում է «Պատրիդա», ինչպես և համայնքային կազմակերպությունը։

Դպրոցում դասերն անցկացվում են կիրակի օրերին՝ 4 ժամ տևողությամբ։ Այս պահին դասերը, ըստ Հույների համայնքային միության նախագահ Միխայիլ Կոլիկիդիի, անցկացվում են առցանց։ Նրանք համավարակի ժամանակ անցել են հեռավար ռեժիմի և դեռևս, կոմունալ ծախսերը խնայելու նպատակով, պահպանում են դա։

Հունարենը դասավանդում է Լամզիրա Մացուկատովան։ Ուսուցչի աշխատավարձը վճարում է Վրաստանում Հունաստանի դեսպանատունը։

«Մենք դրամաշնորհից աշխատավարձ չենք վճարել և կոմունալ վճարումներ չենք կատարել, երբ ես հավելյալ եկամուտ ունեի, կոմունալները վճարում էի, իսկ հիմա չեմ կարող։ Ինչ ես անում եմ, անում եմ որպես բարեգործություն։ Ես դա անում եմ, որ երեխաները պահպանեն իրենց ինքնությունը, իմանան, որ իրենք պատկանում են Պոնտոսի հույներին, որպեսզի պահպանեն իրենց ազգային ինքնագիտակցությունը, հայրենասիրությունը»,- ասում է Միխայիլ Կոլիկիդին։

Հիմա կիրակնօրյա դպրոցում սովորում է 10-12 աշակերտ, խումբը խառն է, երեխաներն ու մեծահասակները միասին են սովորում։ Դպրոցում հունարեն սովորում են ոչ միայն հույները, այլ նաեւ հայերը ու վրացիները։