Փոքր Սամսարում մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն, սակայն գյուղը բժիշկ չունի: Մարտի 21-ին տեղի ունեցած դեպքը` երբ հղի կնոջը բժշկական օգնություն էր անհրաժեշտ, իսկ գյուղի բուժքույրը որը բնակվում է Մեծ Սամսարում ձնաբքի պատճառով չէր կարողացել հասնել օգնության, գյուղացիներին ստիպեց էլ ավելի կարևորել գյուղում բուժքույր կամ բժիշկ ունենալու փաստը։
Գյուղացիների խոսքով, նախկինում, երբ բժշկի օգնության անհրաժեշտություն էր առաջանում մինչ հարևան գյուղից բուժքրոջ գալը, օգնության էր հասնում բուժակ (ֆելդշեր) Մարգոն, ով երկար տարիների ընթացքում բազմիցս կյանքեր է փրկել։ Այս տարի հղի կնոջ հետ կատարված դեպքից հետո գյուղացիները հիշում են դեպքեր, երբ բուժակը ծննդաբերություն է ընդունել գյուղում։
«Մոտ 20 տարի առաջ էր, հիշում եմ սաստիկ ձնաբուք էր, տրակտորով նույնիսկ չկարողացան տանել հղի կնոջը, բուժակ Մարգոն ընդունեց ծննդաբերությունը։ Միայն այս դեպքը չէ, բազմաթիվ ծննդաբերություններ է ընդունել նա, ցավոք, անցած տարի նա մահացավ: Այս տարի, երբ նորից կանգնեցինք նույն խնդրի առաջ գիտակցեցինք գյուղում բժիշկ ունենալու կարևորությունը», – Jnews-ի հետ զրույցում պատմում է Սամսար գյուղի բնակիչներից մեկը։
Սամսարցիների խոսքով, գյուղում կան բուժքրոջ համապատասխան կրթություն ունեցող կանայք, որոնք հարկ եղած դեպքում հնարավորությունների սահմաններում օգնում են հիվանդնեին, բայց համապատասխան դեղորայք ու բժշկական սարքեր չունենալու պատճառով նրանց հնարավորությունները շատ սահմանափակ են։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է՝ շրջանում ունեն գյուղական բժշկի 2 թափուր աշխատատեղ, մեկը՝ Գումուրդոյում, մյուսը՝ Մաջադիայում, իսկ բուժքրոջ թափուր աշխատատեղ չունեն։
«Մունիցիպալիտետում գյուղական բժշկի 2 թափուր աշխատատեղ կա, իսկ բուժքրոջ թափուր աշխատատեղ չունենք, գյուղերից, օրինակ՝ Կորխը, Ալաթումանը, Փոքր Սամսարը չունեն բուժքույր, բայց պատվաստման աշխատանքները թվարկված գյուղերում կատարվում են հարևան գյուղերի բուժքույրերի կողմից», — Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը
Jnews-ը կապ հաստատեց նաև առողջապահության նախարարության գյուղական բժիշկների հարցով զբազվող բաժնի հետ, որտեղից պարզ դարձավ, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 2 գյուղական բժշկի և 2 բուժքրոջ թափուր աշխատատեղ։
Փոքր Սամսար գյուղը գտնվում է Ախալքալաքից 28կմ հեռավորության վրա, գյուղում տարվա գրեթե 5 ամիսը սաստիկ ձմեռ է։ Գյուղացիների խոսքով բժշկական առաջին օգնություն ստանալու հնարավորություն պետք է ունենան քաղաքից հեռու գտնվող յուրաքանչյուր գյուղ։