Այսօր, ապրիլի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Գարնան զարթոնքն ազդարարող տոնին Ջավախքում կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որից հետո կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Ծաղկազարդին բաց պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները:
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:
Օրհնված ուռենու ոստերը քրիստոնյա հայերը պահպանում են ողջ տարին՝ մինչև մյուս Ծաղկազարդ: Այս տոնն իրականում ունի նախաքրիստոնեական արմատներ և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում: Հնում հայերը ծաղկազարդին զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով:
Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ է եղել, որը պտղաբերության գաղափարի հետ է կապվել: Ծաղկազարդը երիտասարդների տոն է: Այդ մասին են վկայում կատարվող ծեսերը: Այդ օրը տղաները և աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները: Երիտասարդ տղաներն ուռենու ճյուղերը զարդարում էին գունավոր կտորներով, որ այն տանեն իրենց սիրելիին:
Մինչ օրս պահպանված ավանդույթի համաձայն Ջավախքում երիտասարդ տղաները գիշերը գնում են եկեղեցի, և նա, ով առաջինն է հասնում, հնչեցնում է զանգը: Իսկ, ով առաջինն է հասնում զանգին, տարին իրենն է համարվում: