Քաղաքապետարանի վարչակազմի Առողջապահության և սոցիալական աջակցության վարչությունը դրամական օգնություն է տրամադրում սոցիալական միավորներ ունեցող և չունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին, բազմազավակ ընտանիքներին, սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին և այլոց։ Ովքեր և ինչ չափերով սոցիալական օգնություն կարող են ստանալ, ընթերցեք Jnews-ի պատրաստած նյութը։
Սոցիալական նպաստ բուժման համար
1. Եթե անձն ունի 0-ից մինչև 100 000 սոցիալական միավոր, ապա նա համարվում է սոցիալապես անապահով և կարող է բուժման համար օգնություն ստանալ բուժման գումարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1500 լարիի չափով։
2. Եթե ընտանիքը չունի սոցիալական միավորներ, բայց երեխան ունի սահմանափակ կարողություններ, ապա ընտանիքը կարող է ստանալ բուժման գումարի 100%-ը, բայց ոչ ավելի, քան 1500 լարին: Երեխան պետք է ունենա Սոցիալական ապահովության ծառայության կողմից տրված սահմանափակ կարողությունների տեր անձի պաշտոնական կարգավիճակ:
3. Պետական ծառայողները (քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցները) այս տարի առաջին անգամ կարող են բուժման համար սոցիալական օգնություն ստանալ։ Նրանք կստանան բուժման գումարի 20-30%-ը, բայց ոչ ավելի, քան 1500 լարին։ Նրանք օգնություն ստանալու համար քաղաքապետարանի սոցիալական բաժնին պետք է տրամադրեն «Ձևաթուղթ 100» տեղեկանքը, վճարումների անդորրագրերը, իսկ եթե գումարը դեռ չի վճարվել, ապա հաշիվ-ապրանքագրեր և այլ փաստաթղթեր։
Նորածիններ
Ծնողները 12 ամսվա ընթացքում իրավունք ունեն դիմել քաղաքապետարանի սոցիալական բաժին՝ միանվագ օգնություն ստանալու համար.
1-ին և 2-րդ երեխայի ծննդյան ժամանակ՝ 250-ական լարի,
3-րդ երեխայի ծննդյան ժամանակ՝ 500 լարի,
4-րդ երեխայի դեպքում՝ 800 լարի,
4-րդ երեխայից հետո յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդի համար նպաստի չափն ավելանում է 300 լարիով:
Նպաստ սոցիալապես անապահովների համար
Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց միավորները 0-ից 100 000 է և նախկինում ստացել են 100-ից 1500 լարիի չափով միանվագ նպաստ, կստանան 200-ից 1500 լարի:
Եթե ընտանիքում կա 4 հոգի, և ընտանիքն ունի սոցիալական միավորներ, բայց ընտանիքում չկան անչափահասներ, ապա ընտանիքը, այնուամենայնիվ, կստանա 200 լարի։ Իսկ եթե ընտանիքում կան անչափահասներ, ապա ընտանիքի բոլոր անդամները, բացի 200 լարիից, նպաստի տեսքով կստանան ևս 100-ական լարի։
Բազմազավակ ընտանիքներ
Բազմազավակ է համարվում մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը։
Բազմազավակ ընտանիքի սոցիալական օգնության չափը 4 երեխայի համար կազմում է 400 լարի, իսկ 5 երեխայի դեպքում՝ 500 լարի։ Յուրաքանչյուր երեխայի համար 100 լարի։ Օգնությունը միանվագ է:
Սոցիալական օգնություն կարող է ստանալ նաև սահմանափակ կարողություն ունեցող անձը։ Օգնության չափը տարբեր է, մանրամասն տեղեկությունների համար շահագրգիռ անձինք կարող են դիմել քաղաքապետարան։
Քաղաքական շարժառիթներով բռնադատվածների ընտանիքներին տրվում է միանվագ նպաստ 100 լարիի չափով (հարկավոր է տրամադրել համապատասխան փաստաթուղթ)։
Բազմազավակ ընտանիքների ուսանողները
Եթե բազմազավակ ընտանիքում կա ուսանող, ապա դիմորդը կարող է ստանալ ուսման վճարի 50%-ը՝ առավելագույնը 1000 լարի։ Կրթությունը ֆինանսավորվում է ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում, այլ նաև քոլեջներում։ Ուսանողի տարիքը չպետք է գերազանցի 25 տարեկանը։ Բացի այդ, ուսանողը ընդգրկված չպետք է լինի պետական ծրագրերում: Այս օգնությունից կարող են օգտվել նաև միակողմանի ծնողազուրկները և որբացած երեխաները: Այս տարի առաջին անգամ ֆինանսավորվող ուսանողների ցանկում ընդգրկվել են մինչև 27 տարեկան միայնակ ծնողները։ Նրանք կարող են ստանալ ուսման վճարի 50%-ը։
Գեղարվեստի և երաժշտական դպրոցում անվճար կարող են սովորել Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական միավորներ ունեցող ընտանիքների երեխաները, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքի, ինչպես նաև սահմանափակ կարողություն ունեցող երեխաները։
Դեղորայք
Դեղորայքի ձեռքբերման համար դրամական օգնություն կարող են ստանալ 0-ից 100 000 սոցիալական միավոր ունեցող անձինք, որոնք երեք ամսվա ընթացքում կստանան դեղերի արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 600 լարին, իսկ քրոնիկ հիվանդները՝ ամբողջ տարվա ընթացքում:
Այս օգնությունն առաջին անգամ հասանելի է նաև պետական աշխատողների համար:
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար դեղերի արժեքը փոխհատուցվում է 100%-ով, բայց ոչ ավելի, քան 1000 լարին։
Օգնություն ուռուցքաբանության հետ կապված խնդիրների դեպքում
Եթե մարդը հիվանդ է քաղցկեղով, ապա նա կարող է ստանալ դեղորայքային ծախսերի 50%-ը՝ տարեկան 1000 լարիից ոչ ավելի։
Հիվանդը նաև տարեկան կստանա 1500 լարի բուժման համար՝ համապատասխան փաստաթղթի ներկայացման դեպքում։
Վիրահատության դեպքում
Եթե վիրահատվածն ունի սոցիալական միավորներ, ապա նրան կվերադարձվի վճարման գումարի 70%-ը՝ առավելագույնը 1500 լարիի չափով։ Եթե անձը չունի սոցիալական միավորներ, ապա նա կստանա վիրահատության արժեքի 30 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1000 լարին։
Սակայն եթե վճարված անդորրագրերը չեն գերազանցում 1000 լարին, ապա դիմորդը կստանա 20-ից մինչև 30%՝ 300 լարի։
Եթե վիրահատության արժեքը 5000 լարի է, իսկ անձը չունի սոցիալական միավորներ, ապա նա կարող է ստանալ 1500 լարի (30%)։ Եթե անձի վիրահատությունն արժե 10000 լարիից ավելի, ապա քաղաքապետարանը կվճարի առավելագույնը 2000 լարի։
Եթե վիրահատվում է սահմանափակ կարողություններ ունեցող երեխան, ապա նա 100%-ով կստանա վիրահատության գումարը, առավելագույնը 1500 լարի։
Պետական աշխատողները կստանան գումարի 20-ից մինչև 30 տոկոսը՝ առավելագույնը 1500 լարի։
Բնակարանային պայմանները
Սոցիալական միավորներ ունեցող անձինք կարող են դրամական օգնություն ստանալ իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար, տարեկան առավելագույնը 1500 լարի։
Ըստ քաղաքապետարանի վարչակազմի Առողջապահության և սոցիալական աջակցության վարչության պետ Անահիտ Յորդանյանի, վճարի չափը սահմանում է քաղաքապետարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողովը։