Այսօր՝ ապրիլի 2-ին, աուտիզմի իրազեկման միջազգային օրը, Ախալքալաքում բացվեց «Քայլեր» կենտրոնը, որի նպատակն է ընդգծել աուտիզմ ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակի բարելավումը, որպեսզի նման խնդիրներ ունեցող երեխաները կարողանան լիարժեք կյանք վարեն:

«Քայլեր»-ի գաղափարը ծնվել է մի ընտանիքում, որտեղ մեծանում է աուտիզմի սպեկտրով երեխա: Ծնողները որոշել են ստեղծել մի տարածք, որտեղ որակյալ մասնագետների ակտիվ և անմիջական ներգրավմամբ հնարավոր կլինի երեխաներին օգնել զարգանալ և շփվել:

Նորաբաց «Քայլեր» կենտրոնի տնօրեն Սվետլանա Սերոբյանի խոսքերով, թերապիաների ժամանակ երեխաների հետ ըստ անհրաժեշտության աշխատելու են հետևյալ մասնագետները՝ լոգոպեդ, ֆիզիոթերապևտ, հոգեբան, նևրոլոգ և վարքի մասնագետ, որոնք վերապատրաստվել են Թբիլիսիում:

Qayler

Նախաձեռնության հեղինակները փոքրիկ ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ Ախալքալաքի շրջանում մոտավոր 70-80 աուտիզմի սպեկտրով երեխա և դեռահաս կա, սակայն նրանցից շատերի ծնողները թաքցնում են, որ այդ մասին շրջապատը չիմանա, ինչը ավելի է բարդացնում նման երեխաների կյանքը:

Ախալքալաքում աուտիզմով հիվանդ երեխաների համար նմանօրինակ կենտրոն չկար, դրա համար ծնողները բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով ստիպված հասնում էին՝ կամ Թբիլիսի, կամ Երևան:

«Քայլեր»-ի հիմնադիրները հորդորում են չմեկուսացնել աուտիզմ ունեցող երեխաներին։ «Նրանց ամենաշատն է պետք հնարավորություն տալ շփվելու այլ երեխաների հետ»։

Կենտրոնի բացմանը ներկա էին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայխացուցիչներ, աուտիզմ ունեցող երեխաների ծնողներ և այլք:

Քաղաքապետ Մելքոն Մակարյանը կարևոր ձեռքբերում է համարում Ախալքալաքում «Քայլեր» կենտրոնի ստեղծումը, որը նպաստում է այս խնդրով տառապող երեխաների բուժման տարածքային և ֆինանսական մատչելիությունը:

«Շատ եմ կարևորում այս կենտրոնի բացումը հենց մեր քաղաքում: Կարծում եմ, սա բացառիկ հնարավորություն է մեր երեխաների և ծնողների համար: Քաղաքապետարանը ևս կաջակցի այս կենտրոնին, մանրամասն կքննարկենք և կտեսնենք, թե ինչպես կկարողանանք աջակցել, ինչու ոչ նաև որոշակի ֆինանսավորում կհատկացնենք նորաստեղծ այս կենտրոնին»,- իր խոսքում նշեց Ախալքալաքի քաղաքապետը:

Աուտիզմով հիվանդ երեխաների նկատմամբ հոգատարությունն ու խնամքն առավելապես մեծացնելու նպատակով, Ախալքալաքի քաղաքապետարանն այս տարվանից 50 տոկոս կփոխհատուցի նման երեխաների բուժման ծախսերը:

Qayler1

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը և առավել հաճախ հանդիպում տղաների շրջանում։ Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին։

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել և ճանաչվել է 2008 թվականից:

Սոցիալական այս ձեռնարկության ստեղծմանն աջակցել է՝ «Էթնիկ փոքրամասնությունների ամրապնդում, սոցիալական իրավունքների հասանելիության միջոցով» ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների վաղ զարգացման կոալիցիան՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում»: Ծարգիրը հովանավորվում է նաև Mercy Corps և «Եվրամիությունը Վրաստանի համար» ծրագրերի կողմից:

Կենտրոնի հասցեն է՝ ք. Ախալքալաք, Թավիսուփլեբա 34, տուն՝ 5: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 574 20 97 44: