Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են։ Բաթումիի բնակիչներն ընտրում են Սակրեբուլոյի (Քաղխորհուրդ) պատգամավոր, իսկ Գարդաբանին և Ռուսթավին՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր։
Քվեարկության գործընթացը սկսվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 08:00-ին եւ կտեւի մինչեւ 20:00-ն:
Խորհրդարանական ընտրությունների համար բացվել է 121 ընտրատեղամաս, այդ թվում՝ երեք հատուկ ընտրատեղամասերը բանտերում և մեկը՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Բաթումիի Սակրեբուլոյի անդամին կընտրեն սեւծովյան առափնյա քաղաքի 14 ընտրատեղամասերում։
Ռուսթավի-Գարդաբանի ընտրատարածքում ընտրելու իրավունք ունի մոտավորապես 140 հազար ընտրող, Բաթումիում՝ 20,6 հազար։
Ընտրություններին կհետևեն մինչև 2000 դիտորդներներ՝ ներկայացված քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից։ ԶԼՄ-ների շուրջ 700 աշխատակիցներ լուսաբանում են ընտրական գործընթացը:
Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորի ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ նախորդ տարվա աշնանը Ռուսթավի քաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր Նինո Լացաբիձեն։ Պատգամավորական աթոռի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Մամուկա Տուսկաձեն «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունից, Իրակլի Շատակիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից և Քամալ Մուրադխանովը՝ Վրաստանի միասնություն և զարգացում կուսակցությունից։
Ընտրություններում հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե դա տեղի չունենա, ապա Վրաստանի ԿԸՀ-ն կնշանակի ընտրությունների երկրորդ փուլ։
Բաթումիի Սակրեբուլոյի ընտրությունները հարկ էր անցկացնել երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» անդամ Նուգզար Փուտկարաձեի մահվան պատճառով, ով քաղխորհուրդ էր մտել 2021 թվականի աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։
Բաթումիում ընտրացուցակներում կա ընդամենը երկու թեկնածու՝ Նուգզար Փուտկարաձեի որդին՝ Մաթե Փուտկարաձեն, ով առաջադրվել է «Ազգային շարժման» կողմից, և Ռամազ Ջինճարաձեն՝ «Վրացական երազանք» կուսակցության կողմից։