Կուլիկամ գյուղում անանցանելի է դարձել գյուղամիջյան գլխավոր ճանապարհը սկսած կամուրջից մինչև Կարտիկամ գյուղ տանող հատվածում: Հորդառատ անձրևները քշել տարել են ճանապարհի մի մասը։ Մեքենաները չեն կարողանում երթևեկել, մարդիկ ընկնում ոտք ու ձեռք են ջարդում:

janaparh2

Մի քանի օր առաջ տեղացած հորդառատ անձրևը մեղմ ասած սրբել տարել է ճանապարհի մի մասը: Գյուղի բնակիչներից մեկը նույնիսկ ընկել թևն է կոտրել:

«Մեր հարևանը ճանապարհն անցնելիս պատահական ընկավ և թևը կոտրեց: Ամեն անձրևից հետո վախենում ենք դուրս գալ: Ճանապարհի ու անձրևներից առաջացած փոսերի մեջ կես մետրի տարբերություն կա»,- ասաց բնակիչներից մեկը, չցանկանալով նշել անունը:

janaparh1

Ախալքալաքից դեպի շրջանի տարբեր գյուղեր երթևեկող տաքսիների վարորդները խուսափում են Կուլիկամ գնալ կամ գնում են պայմանով, որ մինչև դպրոցի մոտ կտանեն, այսինքն մինչեւ քանդված հատվածը:

«Տաքսի է պետք, զանգում ես, ասում են ձեր գյուղ չենք գա ճանապարհների պատճառով: Մեր գյուղի կապն շատ է քաղաքի հետ: Ամեն օր մի բան տանում ենք վաճառելու, չենք կարող չէ ծանր բեռը ոտքով տանել: Մի երկու տարի առաջ բերին ավազ լցրին հարթեցրին ու վերջ, մոռացան մեր մասին: Նորմալ ճանապարհ չեն սարքում, դրա համար էլ նույնիսկ թեթև անձրևից հետո ճանապրահները սարսափելի են դառնում»,- նշեց մեկ այլ բնակիչ:

Կուլիկամը շրջանի այն գյուղերից մեկն է, որտեղ արտագաղթի տեմպերը բավականին ցածր են: Բնակիչները իրենց խոսքում նշեցին, որ եթե այսպես շարունակվի, իրենց ոչինչ չի մնում, քան թողնել հեռանալը: Երեք օր առաջ Կուլիկամ գյուղում թաղում կար, մահացածի տնից մինչև գերեզմաններ մոտ 1 կմ է, այդ ճանապարհն անցնելը գրեթե 1 ժամ է տևել:

«Թող գայիք տեսնեիք, թե ինչ վիճակ էր: Կանայք ամեն քայլափոխի ոտքերն էին ոլորում: Իրենցից անկախ փոսն էին ընկնում»,- ասաց բնակիչներից մեկը:

janaparh5

Նշենք, որ հուլիսի 29-ին Ախալքալաքի շրջանային վարչությունում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ժամանակ որոշվեց թե կոնկրետ ինչ ծրագրերի վրա է ծախսվելու 6 000 000 լարին, որը շրջանային բյուջե էր մտել հարկերի տեսքով:

Այդ հանդիպմանը ներկա էին նաև Կուլիկամի երիտասարդությունը, ովքեր հույս ունեին, որ Կուլիկամի խնդիրը լուծում կստանա։ Հիմնական ծրագրերի մեջ Կուլիկամի ճանապարհաշինությունը չընդգրկվեց։ Սակայն իշխանությունները հուսադրել են, ասելով, որ տենդեր-մրցույթներից տնտեսած գումարներով հնարավոր կլինի գոնե ժամանակավոր լուծման համար ավազ լցնել և հարթեցնել ճանապարհները:

janaparh4