Մի քանի օր է, ինչ վրացական ֆեյսբուքյան տիրույթում ակտիվ քննարկվում է «1+4» ծրագրի՝ ավելի կոնկրետ դրա համար վճարվելիք 2 250 լարիի թեման, որը օգտատերերի ստվար մի զանգված անարդար է համարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
JNEWS-ը ուսումնասիրել է ուսանողների, դասախոսների գրառումները և առանձնացրել դրանցից մի քանիսը, որոնք կտրականապես տարբերվում են միմյանցից: Դժվար է ասել, թե ո՞ր կողմն է ճիշտ կամ սխալ, բայց նրանցից յուրաքանչյուրն իր փաստարկն ու հակափաստարկն է ներկայացնում քննարկվող այս թեմայի շուրջ:
Հարցին կտրուկ «դեմ» արտահայտվող գրառումները հիմնականում պարունակում են հետևյալ բովանդակությունը.
«Պետական լեզվի արժեքը այս երկրում 2 250 լարի է։ Բուհերում վրացերենի ուսուցման ծրագիրը պետք է անվճար լինի: Ինչո՞ւ ենք վրացերենի նախապատրաստական դասընթացի համար վճարում 2 250 լարի։ Ձեր կարծիքով որքանո՞վ է արդար պետական լեզվի ուսուցման համար գումար վճարելը»,- գրում է ուսանող Ասյա Բալասանյանը։
Ուսանողները իրենց գրառումները ներկայացում են հետևյալ հեշթեգերով՝ #ქართული2250ლარად (#Վրացերեն2250լարիով), #მასწავლექართულიუფასოდ (#Դասավանդեքվրացերենանվճար):
Մյուս տեսակետն այն է, որ այդ գումարը ոչ թե լեզվի ուսուցման համար է, այլ քաղաքացիների, ովքեր արտոնյալ քաղաքականության շրջանակներում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու պարզեցված հնարավորություն ունեն, որտեղ ուսանողները մրցույթների միջոցով ֆինանսավորում են ստանում պետությունից:
«Կներեք, եթե ինձանից այլ գրառում էիք սպասում, պարզապես չեմ կարծում, որ նման վերաբերմունքը կաշխատի և կհեշտացնի ինտեգրումը»,- գրում է Իվ. Ջավախիշվիլու անվան պատմության և էթնոլոգիայի ինստիտուտի Վրաստանի էթնոլոգիայի բաժնի գիտաշխատող Թեա Քամուշաձեն:
Սոցիալական ցանցերում գրառում արածներից մի մասն էլ պնդում է, որ պետք է պահանջել ոչ թե անվճար վերապատրաստական կուրս, այլ դպրոցներում լեզվի բավարար ուսուցանում: Համարելով, որ այդ կուրսը չի պարտադրվում դիմորդներին և «արդար» չէ այդպիսի հեշթեգերով պահանջել անվճար կուրս: Հաշվի առնելով նաև այն, որ բացի դպրոցից լեզվի ուսուցման շատ անվճար ծրագրեր կան, որոնցից կարելի է օգտվել ցանկության դեպքում: