Ջավախքում գարունը ձնառատ է, նույնիսկ ձմռանը նման ձնաբուք չի եղել, ինչ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Տեղական իշխանությունները չհասցրած մաքրել մեկ ճանապարհը՝ խտացած և քարացած ձյունից, փակվում է մյուսը: Այս պայմաններում Մոդեգամ գյուղը 11 օր կտրված է մնում աշխարհից՝ ձյունածածկ ճանապարհների պատճառով։

Ձնաբքի 11 օրվա ընթացքում մեծ դժվարությամբ մաքրվել և բացվել են Ախալքալաքի շրջանի Մեծ և Փոքր Սամսարներ, Բալխո, Օլավերդ, Ալաստան, Ղադոլար, Տրկնա և այլ հեռավոր գյուղեր տանող ճանապարհները։ Սակայն Մոդեգամ գյուղը 11 օր մեկուսացման մեջ է գտնվում: Մաքրման աշխատանքները սկսվել են երեկ, բայց արդեն այսօր նորից փոթորիկ է սկսվել, և մաքրման աշխատանքները կրկին դադարեցվել են՝ հույսով, որ եղանակը թույլ կտա վերսկսել դրանք։

«Երեկ տեխնիկան աշխատում էր, ճանապարհը բացվել էր 60-70 տոկոսով, սակայն այսօր կրկին ուժեղ քամի է բարձրացել, սպասում ենք եղանակը պարզելուն, որպեսզի ճանապարհը մինչև վերջ բացենք»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Գյուղի բնակիչ, գյուղի դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Գրիգորյանը պատմում է, թե ինչպես է ապրում «վատ եղանակով պարուրված» գյուղը:

«Մեզ մոտ սարսափելի է, այսօր կրկին բուք է։ Ես նաև աշխատում կողքի գյուղում՝ Ղադոլարում, ու այսօր ոտքով փորձեցի գնալ դպրոց, որ շատ չբացակայեմ, սակայն վախենում էի, որ շնչահեղձ կլինեմ։ 11 օր է ճանապարհ չունենք, երեկ եկել են կեսը մաքրելու, լավ տեխնիկա չկա, որ անմիջապես բացեն։ Այստեղ առատ ձյուն է, քարի պես խիտ է։ 11 օր է չենք կարող գնալ խանութ, վիճակը սարսափելի է, հոսանքը անջատվում է։ Ձմռանը մեզ մոտ միշտ փակ ճանապարհների հետ կապված խնդիրներ ենք ունենում, բայց այս տարի արդեն 11 օր է, ինչ ճանապարհը փակ է, ամեն տարի ճանապարհները այսքան ժամանակով փակ չէին մնում։ Երկու աշակերտ եկել էին դպրոց, դասերն արեցինք, իսկ երբ ձնաբուքը սաստկացավ՝ գնացինք տուն»,- պատմում է Սվետլանա Գրիգորյանը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր վերսկսված ձյունը կրկին փակել է ճանապարհները։ Մաքրվել է Ախալքալաքից Կարծախ տանող ճանապարհը, ինչպես նաև դեպի Գոգաշեն տանող ճանապարհը։ Փակ է նաև դեպի Ալաստան գյուղ տանող ճանապարհը, սակայն ուժեղ բուքը թույլ չի տալիս մաքրման աշխատանքներ իրականացնել այնտեղ, տեխնիկան չի կարողանում դիմակայել առատ ու քարացած ձյանը։