Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերում շներն անհետանում են, ավելի ուշ բնակիչները գտնում են այդ շների հոշոտված կմախքները կամ ընդհանրապես չեն գտնում։ Ջավախքում հիմա գայլերի համար սովի ու բազմացման շրջանն է:

Դադեշ գյուղի մոտակայքում բնակիչները, շան սիրահարները մեկ անգամ չէ, որ նկատել են 5-6 գայլերից բաղկացած ոհմակ, նաև տեսել են միայնակ գայլերի։ Սնունդ փնտրելու նպատակով նրանք մոտենում են գյուղերին, մտնում բնակավայրեր, իսկ երբ չեն գտնում ոչ մի անասուն, հաճախ իրենց հետ շներին են տանում։ Արդյունքում տեղի բնակիչները հայտնաբերում են շների կրծոտված ոսկորները։ Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանում արգելված է գայլերի վրա կրակելը, գիշատիչների որսը թույլատրվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ նրանք վտանգ են ներկայացնում մարդու կյանքին։ Նույնիսկ այս դեպքում Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից հատուկ թույլտվություն է պահանջվում։ Համապատասխան դիմումը պետք է մուտք գործի շրջանային վարչությունից։

IMG_4063

Գայլերը հոշոտել են դադեշցի Եղիշեի շներին: Նա կարծում է, որ խնդիրը կայանում է նրանում, որ շնաբույծները չեն կարողանում փորձել շների ուժերը, այսինքն՝ շների կռիվ կազմակերպել, այդ իսկ պատճառով գայլաշները չեն կարողանում պաշտպանել ոչ միայն անասուններին կամ իրենց տիրոջը, այլև իրենք իրենց, և արդյունքում դառնում են գայլերի կեր, որոնք Ջավախքում շատ են։

«Ես գայլերի շարժին հետևում եմ, երբեմն գիշերը: Ինձ դա հետաքրքիր է: Մեր մոտ շատ գայլեր կան: Եթե դու ուշադիր լինես, ամեն օր կարող ես տեսնել նրանց: Ձմռան շրջանին անասունները գոմում են գտնվում, ուստի նրանք տանում են փոքր և նույնիսկ մեծ շներին: Այս սեզոնին գայլը միշտ ագրեսիվ է, քանի որ ուտելիք չկա, և նրանց բազմացման շրջանն է: Չնայած գայլերից բացի մեզ մոտ կա նաև լուսան, ես նրան տեսել եմ երեկ գիշերվա ժամը 3-ին: Ես շատ անասուն ունեմ, իսկ գոմը հեռու է: Լուսանը մոտավորապես 20 մետր հեռավորության վրա էր, բայց շները ժամանակին հասան, և նա փախավ: Ես նրան բազմիցս եմ տեսել: Ես զենք չունեմ, որպեսզի պաշտպանվեմ: Իմ 100 կիլոգրամանոց շանը գայլերը կերել են։ Ես ունեի նաև մի 60 կիլոգրամանոց շան ձագ, որին թաթով հարվածել էր լուսանը, որից հետո նա սատկեց: Գիշատիչներից մեր մոտ կան աղվեսներ էլ, կարելի է ասել նրանք արդեն ընտանի կենդանիներ են դարձել մեզ համար»,- պատմում է Եղիշեն։

Շնաբույծները պնդում են, որ լեռնաշխարհում շները (հիմնականում հայկական գայլշան ցեղատեսակը` գամփռերը) չգիտեն, թե ինչպես պաշտպանվել գայլերի հարձակման ժամանակ՝ շների կռվի արգելքի պատճառով, ուստի հաճախ դառնում են նրանց հարձակման զոհը։

«Ես երեք շուն ունեմ՝ հայկական գայլաշներ՝ գամփռեր: Շատ հավատարիմ պահակներ են: Նրանց անընդհատ հարկավոր է վարժեցնել, կռվեցնել, որ նրանք իմանան ինչպես ոչխարների հոտը պաշտպանեն գայլերից: Շուն պահողներ շատ ունենք։ Սպորտի նման ձև կա՝ շնակռիվ է կոչվում, այսպես վարժեցնում են գայլերի հարձակումից, որպեսզի նրանք չհայտնվեն տեսանյութի հերոսի վիճակում։ Ուզում ենք դիմել պատկան մարմիններին՝ թույլ տալ շների կռիվը որպես սպորտաձև»,- ասում է շնաբույծ Ադամ Այվազյանը։

Վրաստանի ՔՕ-ի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժանությունը պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքներով՝ 120-ից 240 ժամ, կամ ազատազրկմամբ՝ 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է անձանց խմբի կողմից բազմիցս կամ անչափահասների ներկայությամբ՝ պատժվում է հասարակական ուղղիչ աշխատանքներով՝ 200-ից 400 ժամ տևողությամբ կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, ինչպես նաև տուգանքով կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:

Լուսանկարներ և տեսանյութերը տրամադրվել են Jnews-ի ընթերցողների կողմից