Մարտի 23-ին՝ Մեծ պահքի կեսին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել գաթայի փառատոնը, որը ավանդաբար նշում է Ջավախքում:
Ինչպես տեղեկացնում է Նինոծմինդայի Մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջը, միջոցառումը բազմամարդ է եղել: Միջինքի գաթային փառատոնին ներկայացված գաթաների քանակը յոթ տասնյակից ավելի է եղել:
Նինոծմինդայի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը օրհնել է գաթաները, որոնք այնուհետև բաժանվել են հավատացյալներին:
Միջոցառմանը ելույթ է ունեցել «Առավոտ լուսո» երգչախումբը (խմբավար՝ Քոլյան Իրինա), ասմունքի «Պառնաս» ակումբի սաները (խմբավար՝ Սնխչյան Սաթիկ), «Ծաղկազարդ» պարի համույթը (խմբավար՝ Մզիկյան Լուսինե):
Փառատոնի հաղթողներ են ճանաչվել Բդոյան Անահիտ՝ 1-ին տեղ, Փութուլյան Էդվարդ և Կիրակոսյան Պերճանուշ՝ 2-րդ տեղ, Մոսոյան Անժելա և Ճորուղյան Իրինա, Չոգանդարյան Ինեսսա և Խնկոյան Աստղիկ՝ 3-իդ տեղ: 15 մասնակիցներ ստացան արծաթե խաչեր, որոնք գնել էր այս տարվա խաչքավոր Տիգրան Մոսոյանը:
Հաղթողները ստացան պատվոգրեր և նվերներ, որոնք տրամադրել էր շրջանի Մշակույթի, կրթության և սպորտի ծառայությունը:
Ի՞նչ է Միջինքը
Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 23-ին է: Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում:
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Մեծ պասի քառասունինն օրերի ուղիղ կեսը` չորեքշաբթի. հայտնի էր «Միջինք» անունով և ուներ արարողությունների իր շղթան:
Այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում մեջը հուլունք կամ դրամ էին դնում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին։ Իսկ կտրելիս հավասար բաժին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին: Ում բաժնի միջից դուրս գար դրամը, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:
Մեծ պասի ծեսերից էր «Քառասուն մանկունքը» չափահաս աղջիկները հալվա, գաթա ու խեծախ էին պատրաստում և սկուտեղի վրա դրած տանում նշանված ընկերուհու տուն, այնտեղ նրանք քառասուն անգամ քառասուն ծնրադրում էին «քառսուն անգամ քառսուն կուս քառսուն մանկան բարեխոս» խոսքերով: Ողջ գիշեր քառասուն մանկանց հիշատակին ծնրադրելով, ժամանակ առ ժամանակ իրենց բերած մթերքներով ուժերը վերականգնելով, աղջիկները առավոտյան լվանում էին մեկը մյուսի գլուխը և տանտերերից մի-մի գուլպա ստանալով ցրվում:
Շատ ընտանիքներում այդ գիշեր մինչև լույս «լիճք» էին վառում, այսինքն մի ամանի մեջ ձեթ էին լցնում, ոլորած պատրույգը դնում մեջը ու վառում: