Երևանում «Սասնա ծռեր» զինված խումբը վայր դրեց զենքը և հանձնվեց իշխանություններին, սակայն մարդիկ նորից դուրս են գալիս փողոց նրանց զորակցելու:
Ուղիղ երկու շաբաթ տևած Ոստիկանության Էրեբունու պարեկապահակային գնդի զինված գրավումն ավարտվեց: Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ՝ հուլիսի 17-ից պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները հանձնվել են իշխանություններին:
«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», – տեղեկացնում է ԱԱԾ-ն:
Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը հայտնել էր, որ իրենց զանգահարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը և հայտարարել, որ որոշել են չգնալ արյունահեղության և պայքարը շարունակել «ռազմագերու կարգավիճակով»:
Երկու շաբաթ Երևանը ապրեց յուրահատուկ կյանքով: Փողոցներում ամենուր ոստիկաններ էին, քաղաք մտնող գրեթե բոլոր մեքենանները մանրազննին ստուգվում էր: Բայց կարծես Երևանն անտեսում էր ամեն ինչ և ապրում իր առօրյայով: Մարդիկ առավոտյան աշխատանքի էին գնում, իսկ երեկոյան՝ երթի: Սա սովորական է դարձել երևանցիների համար: Բոլորը՝ պաշտոնյա թե հասարակ քաղաքացի, փողոցում թե տանը քննարկում և կարծիք են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մարդկանց մի մասը ինտերնետով է հետևում իրադարձությունների ընթացքին: Ուղիղ եթերում ցուցարարները վանկարկում են՝ «Սերժիկ սիկտիր»: 8-ամյա Հայկ անսպասելի խախտում է սենյակում կախված լռությունն ու ասում՝ «Մամ, Սեռժիկ սիկտիրն ինչ է, զզվեցրին թողին, ուֆ»: Մայրը հանկարծակի գալով երեխայի հարցից, պատասխանում է՝ «բալես, դու գիտես Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է, մարդիկ պահանջում են, որ նա հրաժարական տա»: Մի պահ լռելուց հետո երեխան հարցնում է՝ «Մամ, իսկ մենք ինչ ենք ուզում, կարող եմ ես վաղը պապայիս հետ գնամ ու բարձր գոռամ՝ Հայաստան»:
Ու մարդիկ վանկարկում էին՝ «Հեռացիր Սերժ», «Սասնա ծռեր», «Պավլիկ, Պավել Մանուկյան», «Միասին», «Մենք ենք տերը մեր երկրի» և այլն: Խորենացի փողոցում հավաքվածները պահանջում էին Հայաստանի նախագահի հրաժարականը, բանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից մի թիզ հող անգամ զիջելու անթույլատրելիությունը:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները որպես այդպիսին առաջնորդ չունեն, գրեթե ամեն օր բարձրախոսի մոտ են հայտնվում տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ճանաչված դերասաններ, երգիչներ և այլք:
15 օր շարունակ բազմամարդ երթի վերջնակետը դառնում էր «Սասնա ծռերի» գրաված ՊՊԾ գնդին հարող տարածքը, որտեղ և ակցիային մասնակիցներին սպասում են ոստիկանները: Հուլիսի 29-ին, ինչպես ամեն օր ցուցարարները նորից նույն վայրում էին, նույն պահանջներով: Ոստիկանությունը ցուցարարներին զգուշացրել է, որ իրենց հավաքն անօրինական է, և պահանջել՝ ցրվել:
Կրակոցների ձայներ են լսվել, ոստիկանությունը 10 րոպե ժամանակ է տվել ցուցարարներին ցրվելու համար, սակայն ակցիայի կազմակերպիչները չեն ցրվել և պատրաստակամություն են հայտնել, որ ամեն ինչ կանեն, որ բախումներ չլինի: Ոստիկանությունն անմիջապես հարձակվել է մարդկանց վրա: Ոստիկանները բռնել են նրանց ում կարողացել են, և ոնց կարողացել են: Բերման են ենթարկել գրեթե 200 մարդ, չխնայելով նույնիսկ լրագրողներին: Նրանց ծեծի էին ենթարկում, կոտրում տեսախցիկներն ու ձայնագրող սարքերը: Որոշ լրագրողների վկայությամբ, այդ մարդիկ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել: Արդյունքում, Երևանի տարբեր հիվանդանոցներում են հայտնվել շուրջ 60 քաղաքացի, հիմնականում այրվածքներով:
Հուլիսի 30-ի առավոտյան մի շարք եվրոպական ու միջազգային կառույցներ, ԱՄՆ-ի դեսպանությունը, ինչպես նաև իրավապաշտման կազմակերպությունները հանդես եկան գիշերը տեղի ունեցած իրադարձությունները դատապարտող հայտարարություններով ու սթափության կոչերով:
Հայաստանի ոստիկանությունը հայտարարեց, որ դիպուկահարի կրակոցից 30-ամյա ոստիկան է զոհվել:
Չնայած այն հանգամանքին, որ հուլիսի 29-ին ոստիկանները ուժ կիրառելով ցրեցին ցուցարարներին, այնուամենայնիվ ցուցարարները կրկին դուրս եկան փողոց՝ միևնույն պահանջներով:
Հուլիսի 30-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վերջնագիր էր ներկայացրել Զինված խմբի անդամներին, որպեսզի նրանք «հանձվեն մինչև ժամը 17:00-ն, հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված կլինեն առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավեցին Ոստիկանության Էրեբունու պարեկապահակային գունդը՝ պահանջելով ազատ արձակել դրանից մեկ ամիս առաջ ձերբակալված ընդդիամդիր գործիչ, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Վերջինս մոտ երկու ամիս առաջ կալանավորվել է զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և տեղափոխման մեղադրանքով:
Աղունիկ Այվազյան