Մարտի 20-ի գիշերը Ախալքալաքում մի քանի ժամ անընդմեջ մոլեգնում էր ուժեղ քամին։ Որոշ տեղեր քամին քշել էր տանիքի մասեր, իսկ որոշ տներից՝ տանիքն ամբողջովին:
Բազմազավակ ընտանիքի հայր Խաչատուր Ճորուխյանը տուն է կառուցել, տանիքը ծածկել ու պատրաստվում էր ամռանը ներքին նորոգման աշխատանքներն ավարտել՝ ընտանիքի հետ իր տուն տեղափոխվելու նպատակով։ Նա ապրում է ծնողների և եղբոր ընտանիքի հետ։ Սակայն մեկ գիշերվա ընթացքում տանիքը, որի վրա նա ծախսել էր 30000 լարի, վերածվել է ճմրթված ցինկ-ալյումինե սալիկների կույտի։
Քամին հիմքի կառուցվածքի հետ մեկ տեղ պոկել է ամբողջ տանիքը և շպրտել 150-200 մետր հեռավորության վրա։ Նախ այն գցել է մեկ այլ տան տանիքի վրա՝ վնասելով այն, ապա այդ հարեւանի տան մոտ։
Խաչատուր Ճորուխյանի և նրա հարևանի վնաս կրած տունը, գտնվում են քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում՝ Զատիկյան փողոցում։
Այս փողոցում քամին մասամբ վնասել է մեկ այլ տանիք էլ, սակայն այնտեղ վնասը մեծ չի եղել, տանտերերն արդեն վերանորոգում էին տանիքը։
Քաղաքի այս հատվածում քամին կարողացել է թեքել երկաթյա էլեկտրասյուները, տեղ-տեղ քշել է ճակատային ծածկույթները, կոտրել ավտոտնակների ապակիները…
Աղմաշենեբելիի փողոցի բազմահարկ շենքերից ոչ հեռու գտնվող պահեստարանից նույնպես ամբողջ տանիքը քամին քշել է։
Ուժեղ քամու պատճառով Ախալքալաքի բնակիչների կրած վնասների մասին ավելի մանրամասն, և թե արդյոք բնակիչները պետք է սպասեն իշխանությունների օգնությանը, Jnews-ը կանրադառնա իր հաջորդ նյութերում։