Երեկվա ձյան և քամու պատճառով Ախալքալաքի շրջանի գյուղական ճանապարհները կրկին անանցանելի և դժվարանցանելի են։ Ճանապարհամաքրման աշխատանքները շարունակվում են։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանը ասում է, որ անձամբ է մասնակցում կատարվելիք ձնամաքրման աշխատանքներին, և նշում, որ շատ բարդ վիճակ է տիրում գյուղական ճանապարհներին։
«Մեր շրջանի գյուղերի 50%-ից ավելի ճանապարհները փակ են», – ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Փակ են Մեծ և Փոքր Սամսար, Մերենիա գյուղերի ճանապարհները, Բեժանոյի ուղղությամբ ևս փակ է, Ալաստան, Կոկիա ընկած հատվածը նույնպես փակ է, Աբուլ, Թախչա գյուղերի ուղղությամբ նույնպես փակ ճանապարհներ կան։
Կենտրոնական ճանապարհները բաց են։ Ինչպես նաև փորձում են ամեն կերպ մաքրել այն գյուղերի ճանապարհները, որտեղ արարողություն կա, օրինակ՝ հարսանիք։
Բացի փակ ճանապարհներից, քամին նաև հասցրել է զգալի վնաս քաղաքացիների տներին, քշելով կտուրները, ջարդելով պատուհանները։
«Տարբեր գյուղերից, քաղաքի տարբեր մասերից զանգեր ենք ստացել, վաղը աշխատանքային օր է, կձևավորվի ժամանակավոր աշխատանքային խումբ, որպեսզի շրջեն գյուղերով և տեղում արձանագրեն, կտեսնենք ինչպիսի ընթացք կտանք», – ասաց Մակարյանը։