Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից։ Այդ մասին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը՝ նշելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այդ մասին իրազեկող նամակը հանձնվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին։
«ՌԴ-ն դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից իր կամքով, դա մտածված որոշում է», – ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։
Դուրս գալով ԵԽ-ից՝ Ռուսաստանը ստիպված կլինի դենոնսացիայի ենթարկել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։ Դա վերաբերում է ևս 4 կոնվենցիայի, որոնք նախատեսված են միայն կազմակերպության անդամների համար, գրում է Deutsche Welle-ն։
ԵԽ-ից դուրս գալու մտադրության մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր դեռևս մարտի 10-ին՝ մեղադրելով ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրներին «իրենց մեծամասնությունը չարաշահելու մեջ, ինչը խարխլում է կազմակերպությունը»։
Եվրոպայի խորհուրդն իր հերթին մտադիր էր հեռացնել ՌԴ-ին իր շարքերից։ Այդ մասին հայտարարվել էր մարտի 14-ին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։