Jnews-ը զրուցել է Ռոնդելիի հիմնադրամի ավագ գիտաշխատող, քաղաքագետ և տնտեսագետ Վալերի Ճեճելաշվիլիի հետ Վրաստանի և ամբողջ աշխարհում առկա քաղաքա-տնտեսական իրավիճակի մասին։

Կարելի՞ է կանխատեսումներ կատարել, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում:

– Կանխատեսելը շատ դժվար է, բայց պետք է հաշվի առնել մի քանի գործոն, պատերազմի հիմնական գործոնը դա ռեսուրսներն են։ Այսօրվանից մեր աչքի առաջ ստեղծվել է հակառուսական համաշխարհային կոալիցիա։ Այս կոալիցիան ոչ միայն հակառուսական է, այլ նաեւ ուկրաինամետ։ Սա նշանակում է, որ միջնաժամկետ հեռանկարում Ուկրաինայի ռեսուրսները կընդլայնվեն, իսկ Ռուսաստանինը՝ կկրճատվեն։ Ռուսները դեռ լիովին չեն գիտակցել ճգնաժամի խորությունը, որի մեջ ընկղմված է իրենց տնտեսությունը։ Երեկ Մոսկվայի բորսայում պետք է բացվեր առքուվաճառքը, իսկ պետք է սկսվեր ռուբլու առևտուրը, սակայն այն հետաձգվել էր մեկ օրով։ Կարծում եմ՝ ռուսներն իրենց համար շատ տհաճ անակնկալի ականտես կդառնան։

Արդյո՞ք դա կբերի ռուբլու արժեզրկման:

Իրավիճակն արդեն հանգեցրել է առնվազն երկակի արժեզրկման։ Բայց իմ տեղեկություններով՝ ռուսական բանկերն իրենց ներսում ռուբլին փոխանակում են դոլարի։ Ռուբլային փոխարժեքից, ռուբլային հաշիվներից դոլարային հաշիվներ՝ 1 դոլարի դիմաց 300 ռուբլի փոխարժեքով։

Ի՞նչ հետևանքներ ակնկալել Վրաստանի և Հայաստանի համար, որոնք մեծապես կախված են Ռուսաստանի տնտեսությունից:

Վրաստանի համար դա վատ կլինի առաջին հերթին պատերազմի, ռուբլու անկում ապրած փոխարժեքի պատճառով։ Ըստ այդմ, դրամական փոխանցումները գործնականում կքչանան։ Բայց սկզբունքորեն ռուբլու արժեզրկումը պետք է նպաստի ռուսական արտահանման մրցունակությանը։ Եվ հետևաբար, Ռուսաստանի արտահանող արտադրանքը պետք է մուտք գործի արտաքին շուկաներ և ավելի էժան մրցակցային գնով, բայց դա զուտ տեսականորեն։ Երկիրը պատերազմի մեջ է գտնվում, մենեջմենտը ձախողվում է, լոգիստիկա չկա: Ոչ ոք, այդ թվում՝ իրենք՝ ռուսները, գործնականում չգիտեն, թե այսօր ինչ սպասել Ռուսաստանի տնտեսության համար։ Հետեւաբար, այստեղ ինչ-որ բան կանխատեսելը շատ դժվար է։ Համենայն դեպս, մենք պետք է սպասենք նախնական առքուվաճառքի արդյունքներին:

Այս պայմաններում ինչպե՞ս գոյատեւի տարածաշրջանը, որն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից:

– Դրամական փոխանցումներ չեն լինի, գոնե որոշ ժամանակով։ Որովհետև պատկերացրեք, թե ինչպես է այս համակարգը գործում: Մարդիկ Ռուսաստանում ռուբլի էին վաստակում, դոլարի վերածում և դոլար փոխանցում Վրաստան։ Հիմա քիչ ռուբլի են վաստակում, երկրորդ՝ ռուբլին մեծ արժեզրկում է ապրել, դրանով ավելի քիչ դոլար կարելի է գնել։ Երրորդ, նրանք իրենք պետք է կարողանան իրենց գոյությունը պահպանել, գոյատևել, նրանք, ովքեր հենց Ռուսաստանում են գտնվում։ Որովհետև այնտեղ գները բարձրանալու են, շատ լուրջ։ Դա կախված է նաեւ ռուբլու փոխարժեքից եւ այլն։ Հետեւաբար, գոնե միջնաժամկետ հեռանկարում ավելի քիչ դրամական փոխանցումներ կլինեն։ Ուստի պետք է այլ ելքեր փնտրել։ Ռուսաստանից դրամական փոխանցումների վրա հույս դնելը ինքնախաբեություն է:

Հիմա Վրաստանում ուժեղ խուճապ է տիրում այն պատճառով, որ Ռուսաստանից բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվում են Վրաստան կամ Հայաստան՝ իրենց խնայողությունները ռուբլու տեսքով փոխանցելով այստեղ։ Արդյո՞ք դա վտանգավոր է ազգային արժույթների համար:

– Չեմ պատկերացնում, թե այսօր ինչ փոխարժեքով են ռուբլին փոխանցում, և հետո էլ այստեղ են փոխանակում դոլարով ու եվրոյով։ Կարծում եմ, ոչ մի խելամիտ բանկիր այսօր ռուբլի չի ընդունի, համենայն դեպս այնքան ժամանակ, մինչև պարզ չդառնա, թե իրականում որքան արժե այս ռուբլին անմիջապես Ռուսաստանում առքուվաճառքի արդյունքում։ Բայց այլ բան է, եթե նրանք իրենց հետ կանխիկ դոլար ու եվրո են բերում։ Այո, դա կլինի ինչ-որ փոխհատուցում այս դրամական փոխանցումների բացակայությանը։ Բայց դա կլինի շատ չնչին, աննշան փոխհատուցում։ Որովհետեւ հոսքերը համատեղելի չեն, համենայն դեպս, առաջին հայացքից այդպես է երեւում։

Կա՞ այլ տեղեկություն, որ անշարժ գույքի գները բարձրանում են Վրաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների պատճառով:

– Դեռ չեմ կարող հաստատել, որ բարձրացել է։ Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Սա ավելի շուտ ինչ-որ գնահատականներ են, ինչ-որ շահարկումներ:

Վալերի Ճեճելաշվիլին 2016 թվականից Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող է: 1989-ի հոկտեմբերից հանդիսանում է դիվանագետ: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում՝ երկրորդ քարտուղարից մինչ Արտաքին գործերի փոխնախարար (1998-2000): Նա ֆինանսների նախարարն է եղել 2005 թ.-ին և Արտաքին գործերի առաջին փոխնախարարը (2005-2007): Նա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիիրավ դեսպան է եղել (1994-1998թ.թ.), ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությունում (2004-2005 թ.թ.), զբաղեցրել է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) գլխավոր քարտուղարը (2007-2016 թ.թ.):

Քրիստինե Մարաբյան