Տևական ժամանակ է Վրաստանում բողոքներ են հնչում պատմության դասագրքերի վերաբերյալ, որ դրանք պատշաճ կերպով չեն ուսուցանում Վրաստանի պատմությունը, իսկ ահա հայալեզու դպրոցներում այս խնդիրը կրկնակի բարդություն ունի, քանի որ դասագրքերում ներառված նյութերի մեծ մասը վրացերենով է:

«Մենք դարավոր ժողովուրդ ենք, և պատմությունն ու կրոնը մեր ինքնության հիմնական մասն են: Եթե մարդը պետք է ձևավորվի ազգային սկզբունքների հիման վրա, առաջին հերթին նա պետք է լավ իմանա իր երկրի պատմությունը», – այս մասին իր խոսքում ասել է Կրթության և գիտության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարին:

Դպրոցներում Վրաստանի պատմության դասավանդման հարցը պետք է քննարկի նաև խորհրդարանի կրթության հանձնաժողովը, քանի որ ինչպես պարզ է դառնում օրենսդիր մարմնին ներկայացված նամակից, Վրաստանի պատմությունը պատշաճ կերպով չի դասավանդվում դպրոցներում և շատ պատմաբանների պնդմամբ գրքերը ևս այն մակարդակին չեն, ինչպիսին պետք է լինեին։

patmutyun

Տարբեր դասագրքերում, այդ թվում պատմության դասագրքում դասանյութի մի մասը կազմված են հայերենով, իսկ մյուս մասը՝ վրացերենով, ինչը բարդություն է առաջացնում՝ և աշակերտների, և ուսուցիչների համար: Jnews-ը ուսումնասիրելով հայալեզու դպրոցներում պատմության դասագրքերը, պարզեց, որ շատ կարևոր դասանյութեր գրված են վրացերենով, կամ խառը ֆորմատով:

Մեզ հետ զրույցում պատմության ուսուցչուհի Վարդիթեր Յուզբաշյանը նշեց.

«Եթե վրացերենով գրված մասերը չհանձնարարեմ, կամ չփորձեմ թարգմանել, ապա աշակերտները այն աչքաթող կանեն: Քանի որ վրացերենին շատ լավ չեմ տիրապետում, պահանջը կամ աղբյուրները հասկանալու համար անհարժեշտություն է առաջանում թարգմանելու, որը ժամանակատար է, և կրկնակի դժվարացնում է դասապրոցեսը: Իսկ ինչ վերաբերվում է դասի նյութերին, երբեմն ստիպված եմ լինում այլ գրքերից օգտվել աշակերտին լիարժեք բացատրելու համար:

Մանկավարժները բարձրաձայնում են, որ երկլեզու գրքերով ուսուցումը բարդացնում է նյութի մատուցումը:

Սակայն, հարկ է նշել նաև՝ միշտ չէ որ բոլոր ուսուցիչները բարեխիղճ են գտնվում և փորձում են թարգմանել վրացերեն հատվածները, որպեսզի ամբողջովին կարողանան բացատրել դասի նյութը: Երբեմն այդ հատվածները անուշադրության են մատնվում և անհասկանալի են մնում՝ և ուսուցչի՝ և աշակերտի համար:

Լիդա Ալմասյան