Հանկարծակի տեղացած ձյուն, ուժգին քամի և բուք՝ այսպես սկսվեց գարունը Ջավախքում: Գարնան 4-րդ օրը Ջավախքի ճանապարհներին տիրող իրավիճակը հետևյալն է.

Վրաստանի Ճանապարհային վարչության տվյալներով՝ փակ է Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը։

Նինոծմինդայով դեպի Հայաստանի սահման (Բավրա) տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղով դեպի Թուրքիայի սահման (Աքթաշ, Չիլդիր) տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետում դժվարանցանելի կամ անանցանելի են մի քանի գյուղերի ճանապարհներ, որտեղ, ըստ քաղաքապետարանի՝ տարվում են մաքրման աշխատանքներ։

«Մենք տեղեկություն ենք ստացել որոշ գյուղերում՝ Կոկիոյում, Բուզավեթում ճանապարհների փակ լինելու մասին, այդ ուղղություններով մաքրման աշխատանքներ են իրականացվում: Ուժեղ քամու պատճառով ճանապարհները մշտապես ձյունով են ծածկվում: Եթե ուժգին քամին գիշերն էլ շարունակվի, ապա ճանապարհները գիշերը չենք բացի, մաքրման աշխատանքները կվերսկսենք առավոտյան»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։