ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
Երկրորդ փուլի փակ, գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 71-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ նա առաջին փուլով չէր ընտրվել, քանի որ անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ չէր ստացավ։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել ինչպես նախագահի ընտրության հարցի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը։
«Ազնվորեն, հուզումնալից է ինձ համար, շնորհակալություն վստահության համար, երախտապարտ եմ բոլորիդ ինձ այսպիսի մեծ վստահության քվե տալու համար»,- քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ասաց Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության հինգերորդ նախագահն է։
ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության 127-րդ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն, ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը։ Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ, խորհրդի որոշմամբ։