Ահարոն Ասլանյանը, ԵՄ «ENPARD-2» ծրագրի շրջանակներում, մասնակցել է LAG –ի՝ Տեղականա զարգացման խմբի մրցույթին և շահել է դրամաշնորհ։ Ախալքալաքում նա ունի մեքենաների դիագնոստիկ կենտրոն։ Նա ԵՄ դրամաշնորհով գնել է սարքավորումներ և գործիքներ, դիագնոստիկ կենտրոնում սարքավորել է անվճար ավտոլվացման կետ։ Jnews-ը որոշեց պարզել, թե ինչպես է օգնել Եվրամիության դրամաշնորհը գործարարին և ինչ է նա տվել Ախալքալաքին։
Ախալքալաքում ԵՄ-ի բիզնես-գաղափարների աջակցության ծրագրով Ահարոն Ասլանյանը ստացել է 27 783 լարի ֆինանսավորում, ինքն այս նախագծում ներդրել է 10 822 լարի, ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 38 605 լարի։
Այս գումարով նա դիագնոստիկ կենտրոնի համար գնել է մեքենայի տեխզննման համար դիագնոստիկ սարքավորում, CO-ի և բոցամուղի ստուգիչ սարքավորումներ, դիզելային պոմպ, գործիքների տուփ և լվացման սարքավորում և այլն։
«Հիմա մեր ծառայությունների թիվը շատացել է, եթե նախկինում 5 ծառայություն ունեինք, ապա հիմա դրանց թիվը դարձել է 25, ծառայությունների որակն էլ է բարձրացել: Հիմա մենք փոխում ենք նաև մեքենաների յուղը, նախկինում 2010 թվականից մեծ մեքենաների դիագնոստիկա չէինք անում, իսկ հիմա արդեն անում ենք: Մենք մեքենաները նախապատրաստում ենք տեխզննման, ստուգում ենք СО-ն, որ մեքենան վստահ գնա տեխզննման: Ունենք փորձաքննություն: Մեր սարքավորումը հիմա ավելի ճշգրիտ է, քան տեխզննման կենտրոններում»,- ասում է Ահարոն Ասլանյանը։
Ահարոն Ասլանյանի խոսքով, քաղաքում այս մակարդակի ընդամենը երկու դիագնոստիկ կենտրոն կա, որից մեկն իրենն է:
Դիագնոստիկ կենտրոնում գները շատ չեն տարբերվում Ախալքալաքի մյուս մեքենաների սպասարկման կենտրոններից։ Եվրամիությունից ստացված ֆինանսավորումը չի նպաստել ծառայությունների գների իջեցմանը, այլ ավելացրել է մատուցվող ծառայությունների քանակը։
CO-ի ստուգումն արժե 20 լարի, համակարգչային դիագնոստիկան՝ 30 լարի, ծխամուղի ստուգումը՝ 15 լարի։ Յուղը փոխելը՝ կախված մեքենայից, 50-70 լարի, ֆիլտրը փոխելը՝ 30 լարի…
«Փորձում ենք հնարավորինս ցածր գները պահել, որ չթանկանան: Միգուցե մեզ մոտ ինչ-որ բան թանկ է, բայց մենք հարկատու ենք, մեր ծախսերը մեծ են: Մենք վճարում ենք ինտերնետի, ջեռուցման, լույսի և այլնի համար: Իհարկե, իրենց ավտոտնակներում, իրենց տներում աշխատողների համեմատ, մեր ծախսերն ավելի շատ են: Այնպիսի հնարավորություններ, ինչպիսին հիմա կան մեզ մոտ, Վրաստանում ոչ մի տեղ չկա, մի տեղում այսքան սարքավորումներ, ոչ մի դիագնոստիկ կենտրոնում չկա»,- ասում է Ահարոն Ասլանյանը։
Դիագնոստիկ կենտրոնը օրական սպասարկում է 10 ավտոմեքենա։ Հարցին, եթե բոլոր սարքավորումներն ունեք, և ապա ինչու են այդ դեպքում ախալքալաքցիները գնում Թբիլիսի, Ահարոն Ասլանյանը պատասխանեց, որ հարցը գնի մեջ է։
«Գործեր կան, որոնց համար ես պետք է վճարեմ 300 դոլար, որպեսզի մուտք ունենամ մեքենայի ծրագրավորման գործին, բնականաբար, ես այդ դեպքում հաճախորդից կպահանջեմ 400 դոլար, բայց ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ այդ գինը, ուստի նրանք գտնում են այլ սպասարկման կենտրոններ, որոնք ավելի էժան են անում այդ գործը»: – պարզաբանում է նա։
Առավելություններից մեկը, որը կենտրոնում ստեղծվել է LAG-ի ֆինանսավորմամբ, ավտոլվացման կետն է: Ահարոնի խոսքով, ավտոլվացումը նախքան ստուգումն անվճար է, իսկ մինչ այդ վարորդներից պահանջում էին մինչև դիագնոստիկայի բերելը մեքենան լվանալ։
Եվրամիության ֆինանսավորումն օգնեց դիագնոստիկ կենտրոնի սեփականատիրոջը զարգացնել իր բիզնեսը, իսկ բնակչության համար հնարավորություն ստեղծեց Ախալքալաքում ավելի շատ ծառայություններ ստանալ, քան նախկինում էր։