Մարտի 1-ից, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, վերացվել են համավարակի պայմաններում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործարկված մի շարք սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, դիմակ կրելը, ինչպես ներսում, այնպես էլ դրսում, մնում է ուժի մեջ։

Եվ այսպես, մարտի 1-ից.

  1. Սոցիալական միջոցառումները, հարսանիքները, ծննդյան տարեդարձերը, հոգեհացերը թույլատրվում է անցկացնել: Բացի այդ, ներսում մեկ սեղանի շուրջ 6-ի փոխարեն թույլատրվում է նստել 10 հոգով, իսկ բաց տարածքում՝ 10-ի փոխարեն 15 հոգով։ Հյուրերի առավելագույն քանակի սահմանափակումը նույնպես հանվում է:
  2. Պատվաստված օտարերկրյա քաղաքացիներից այլևս չի պահանջվում մուտք գործելիս ՊՇՌ (PCR) թեստ ներկայացնել, սակայն պատվաստման ամբողջական կուրսի բացակայության դեպքում վերջիններս պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ, որն արվել է ոչ շուտ, քան 72 ժամը:
  3. Օտարերկրյա քաղաքացիները ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից՝ անկախ նրանից՝ նրանք պատվաստված են, թե ոչ։ Վրաստանի քաղաքացիներն ավելի վաղ էին ազատվել վերը նշված պարտավորությունից:
  4. Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր երկիր են մտնում առանց թեստի և առանց պատվաստման, կարանտինը կրճատվում է 8-ից մինչև 5 օր:
  5. Օբյեկտների համար ջերմաչափման և գրանցամատյան պահելու,ինչպես նաև ախտահանիչ գորգ ունենալու պարտավորությունը վերացվում է: Այս պարտականությունները սակայն դեռ կգործեն դպրոցների համար:
  6. Կարանտինային տարածքները, այսպես կոչված՝ Կովիդ–հյուրանոցները, չեղարկվում են: