Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ Արեւմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցներին: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը և մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ, կրկնում եմ, դա միայն էլ ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը։ Հետևաբար, ես՝ որպես կառավարության ղեկավար, ով պատասխանատու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համար՝ հաշվի առնելով ազգային շահերը, առաջնորդվելու եմ միայն մեր երկրի շահերով»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Փետրվարի 24-ի առավոտյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ի պատասխան դրան՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան և Եվրամիությունը հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Խոսքը ինչպես անհատական պատժամիջոցների, այնպես էլ ռուսական բանկային ծառայությունների շուկայի ու պետական կարեւոր ընկերությունների նկատմամբ սահմանափակումների մասին է։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նախօրեին ասել էր, որ այդ միջոցները կխաթարեն Ռուսաստանի կարողությունը՝ ֆինանսավորելու ու զարգացնելու իր ռազմական և երկրի բարձր տեխնոլոգիական հնարավորությունները:
Աղբյուրը՝ NewsGeorgia