Արդեն 4 տարի է, ինչ Վրաստանի Սահմանադրությունում կատարված փոփոխությունների համաձայն, վրացական անձնագիր ունեցողներն այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում այլևս չեն զրկվի քաղաքացիությունից։ Այնուամենայնիվ, այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել որոշակի ընթացակարգեր, որպեսզի չկորցնես Վրաստանի քաղաքացիությունը։
Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիությունը հնարավոր է պահպանել, եթեմինչևօտարերկրյա քաղաքացիություն ստանալը, դիմողը ստանա Վրաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Հիմնականում Ջավախքի բնակիչները հեշտությամբ են ձեռք բերում Հայաստանի քաղաքացիություն՝ ելնելով իրենց էթնիկ ծագումից: Իսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությունը գալիս է Հայաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմից, որտեղ էլ Ջավախքի բնակիչները արտագնա աշխատանքի են մեկնում: Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը սովորաբար տևում է 6 ամիս և ավելի։
Ինչ վերաբերում է ծնունդով այլ երկրի քաղաքացիություն ստացած երեխաներին, ապա նրանք կկարողանան Վրաստանի քաղաքացիությունը պահպանել մինչև 18 տարեկանը։ Դրա համար երեխաների օրինական ներկայացուցիչներն այս խնդրանքով պետք է նախապես դիմեն Վրաստանի իշխանություններին։
Միևնույն ժամանակ, «Քաղաքացիության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացիների հպատակագրումը շատ ավելի դժվարացավ։ Վրացական անձնագիր ստանալու համար Վրաստանի քաղաքացու ամուսինը կամ կինը պետք է երկրում ապրեն ոչ թե 2 տարի, ինչպես նախկինում էր, այլ առնվազն 5 տարի։ Մնացած դեպքերում հպատակագրման համար անհրաժեշտ բնակության ժամկետը երկարացվել է մինչև 10 տարի (նախկինում դա 5 տարի էր)։
Քաղաքացիություն տրամադրելու չափորոշիչները տարբեր են, սակայն կա երկու պայման, որին պետք է համապատասխանեն բոլոր դիմորդները՝ վրացերենի իմացություն և Վրաստանի պատմություն:
Բացառության կարգով քաղաքացիությունը հասանելի է նաև նրանց համար, ովքեր ներդրումներ են կատարել, ծրագրում են ներդրումներ կատարել Վրաստանում կամ կարևոր ներդրում են ունեցել երկրի տնտեսության զարգացման գործում: Բացառության կարգով քաղաքացիություն կարող է տրվել նաև այն դիմորդներին, ովքեր Վրաստանը համարում են իրենց հայրենիքը կամ/եթե նրանց նախնիները Վրաստանից են:
Քրիստինե Մարաբյան